Եկեղեցականներին հետապնդում են Արցախի համար աղոթելու և Տիգրանաշեն այցելելու համար

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին, Հայ Առաքելական Եկեղեցու տաճառներում աղոթք մատուցվեց Արցախի ժողովրդի, գերիների ազատ արձակման և հայ ժողովրդի խաղաղության համար: Էջմիածնից ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ հիշատակում չկա օկուպացված Արցախում մնացած եկեղեցիների մասին, որոնց Հայ Առաքելական եկեղեցին մուտք չունի: Կաթողիկոսը հետապնդվում է աղոթքներում Արցախը հիշատակելու համար (ինչպես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում): Իսկ հոգևոր հայրերի այցը Տիգրանաշենի եկեղեցի և հանդիպումը հոտի հետ դիտվեց որպես «հեղափոխության փորձ», որը խրախուսվեց ինչ-որ արտաքին ուժերի կողմից: Ո՞վ կանգուն կմնա այս մահացու պայքարում:

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։

Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։

Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Արցախի անկախությունը միայն անցյալ չէ, այլ նաև ու միշտ՝ ապագա: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա.Կաթողիկոսի՝ Արցախի անկախության օրվա առթիվ հղված ուղերձում:

«Անցյալը պետք չէ դառնա անցած, այլ՝ վերանորոգ հավատքով ու նպատակասլաց կամքով դեպի ապագան բացվելու և քայլելու ամուր վճռականության վերահաստատման առիթ ու հիշեցում։ Այս հայեցակետով է հարկավոր մոտենալ Արցախի Հանրապետության անկախությանը։ Ազգերի պատմության մեջ պայմանները միշտ փոփոխական են։ Աշխարհաքաղաքական շահերի դասավորվածությունը՝ միշտ հարափոփոխ։ Պետք է հեռու մնալ կաղապարված մտածողությունից, տեսական հայեցակարգերից, ինչպես նաև տվյալ ժամանակի շահերի ու մոտեցումների պարտադրանքներից։ Հավատքին միախառնելով հույսը և այն թրծելով ամուր կամքով՝ հարկավոր է քայլել դեպի ապագա»,- նշել է նա։

Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը գրում է.

«ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այցելել Տիգրանաշեն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր սպասավորին՝ այցելել հավատացյալի տուն, կամ Տիգրանաշենի բնակչից լսել նրա տեսակետը սեփական բնակավայրի և նրա ճակատագրի վերաբերյալ։

Ո՛չ քաղաքական հավաք է եղել, ո՛չ կազմակերպչական գործողություն, ո՛չ էլ որևէ «հեղափոխության» նախապատրաստում։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենի հանձնման կապակցությամբ «հեղափոխություն կազմակերպելու» անհեթեթ թեզին, ապա դրա համար պետք է գնալ ոչ թե Տիգրանաշեն, այլ նախ՝ Զանգակատնից մինչև Մեղրի և Ագարակ։ (Սա հուշում)»։