
Միջազգային մամուլում միաժամանակ մի քանի հոդվածներ են հայտնվել, որոնք փաստում են, թե ինչպես է ԱՄՆ-ն ապահովել «խաղաղություն» Հայաստանի համար և կարևոր միջանցք՝ Ադրբեջանի: Այս հոդվածները ենթադրում են, որ «խաղաղությունը» ձեռք է բերվում Հայաստանի գոյաբանական շահերի հաշվին՝ անհավասար «օգուտների» դիմաց: Ադրբեջանը ևս դեռևս ոչինչ չի շահել այս «խաղաղությունից»։ Սակայն պարզ է դարձել, որ այս գործընթացները սերտորեն կապված են Իրան-ԱՄՆ պատերազմի հետ, որում Ադրբեջանն ու Հայաստանը դեռ չեն կատարել իրենց “առաքելությունը”:
Ամերիկացի բանակցողները խոստացել են Հայաստանին հասանելիություն Nvidia AI չիպերին՝ Ադրբեջանի հետ անցյալ տարի կնքված խաղաղության համաձայնագրին նպաստելու համար: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով բանակցողներին:
Փաշինյանի և Ալիևի միջև բանակցությունները վտանգի տակ էին, և ամերիկյան թիմը եզրակացրել է, որ Հայաստանը կհամաձայնի գործարքի, եթե նրան առաջարկվի ավելի սերտ տնտեսական կապեր ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ Nvidia-ի առաջադեմ չիպեր վաճառելու թույլտվություն, նշվում է հոդվածում:
Ի՞նչ կարող էր տեղի ունենալ 2025 թվականի ամռանը և ինչու էին բանակցությունները վտանգի տակ
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանին՝ չկարողանալով սակայն հասնել ռեժիմի փոփոխության և միջուկային ծրագրի փակման: Իսրայելը բացահայտորեն առաջ էր մղում Իրանը էթնիկ անջատողական շարժումների միջոցով «քայքայելու» ծրագիրը: Հիմնական խաղադրույքները դրված էին քրդերի և Ադրբեջանի վրա, վերջինն այդ ժամանակ արդեն գրավել էր Արցախը՝ Իսրայելի օգնությամբ, և հասել էր Իրանի սահմաններին: 2025 թվականի ամռանը Իրանում ձախողումից հետո ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին պատրաստվել պատերազմի նոր փուլի և կարևոր միջանցքների գրավմանը (Հորմուզ): Ադրբեջանի առջև վճռորոշ դեր էր դրվել՝ «արթնացնել» իրանցի ադրբեջանցիներին և փորձել մասնատել Իրանը:
Փոխարենը Բաքուն պահանջեց Սյունիքը, և ԱՄՆ-ն պարտադրեց 2025-ի օգոստոսին Հայաստանին ստորագրել TRIPP հռչակագիրը և նախաստորագրել «խաղաղության պայմանագիր»՝ ԱՄՆ չիպերի և անվտանգության երաշխիքների խոստումով:
Սակայն 2026 թվականին, երբ ԱՄՆ-ն փետրվարին հարվածեց Իրանին և սպանեց այաթոլլա Խամենեիին, Ադրբեջանը այդպես էլ չմտավ պատերազմի մեջ և մինչ օրս չի մտել՝ ստանալով իր ուզածի մի մասը: Այժմ, Իրանում իր «առաքելությունը» կատարելու դիմաց, Բաքուն պահանջում է չեղյալ համարել 907-րդ հոդվածը, փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ և, այդպիսով, լիարժեք օրինականացնել Արցախի օկուպացիան և Նախիջևանի բռնակցումը։
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը խոստովանել է, որ «առանց TRIPP-ի խաղաղության բանակցությունները անհնար կլինեին»
Հայաստանը շեշտում է իր հանձնառությունը TRIPP անունով հայտնի տարանցիկ և էներգետիկ միջանցքին, միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ։ Այս մասին Semafor-ին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Առանց TRIPP-ի խաղաղության բանակցությունները անհնար կլինեին», – ասաց դեսպանը՝ այդպիսով ընդունելով, որ TRIPP-ը մեծ զիջում էր Հայաստանի կողմից, չնայած «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» մասին խոսակցություններին։
Խաղաղության և TRIPP-ի համաձայնագրերը դեռևս չեն վավերացվել, և Իրանում շարունակվող պատերազմը հարցեր է առաջացնում ինչպես համաձայնագրի, այնպես էլ միջանցքի առաջընթացի վերաբերյալ, գրում է միջազգային մամուլը։
Մկրտչյանը հավելեց, որ Հայաստանը «պատրաստ է վերջնական» համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, չնայած որոշ հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանի պահանջը՝ հեռացնելու Հայաստանի Սահմանադրությունից Արցախի մասին հղումները, դեռևս քննարկվում են։
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը Wall Street Journal-ին ասել է, որ «Nvidia բաղադրիչը շատ կարևոր կտոր էր»։ Սենատոր Սթիվ Դեյնսը չիպերի ստացումը անվանել է «կարևոր քաղաքական հաղթանակ» Փաշինյանի համար։
Wall Street Journal-ի տվյալներով՝ 2025 թվականի հունիսին ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆի թիմը մշակել է հուշագիր, որը նախատեսում էր Firebird չիպերի արտահանման լիցենզիաների տրամադրում՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ ԱՄՆ-ն նաև առաջարկել է կառուցել Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցք, որը կոչվում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP):
Nvidia-ի հայազգի ավագ գործադիր տնօրեն Ռև Լեբարեդյանը նշել է, որ Թրամփի վարչակազմի համար «չիպային դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է», և Հայաստանում ներդրումները ստեղծում են խաղաղության պայմաններ: Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովագիմյանը հավելել է. «Խաղաղության պայմաններ էին անհրաժեշտ: Տեխնոլոգիական բազան պետք է անվտանգ լինի՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար»:
Երեկ Դոնալդ Թրամփը վերահրապարակել էր Սթիվ Վիտկոֆի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին, որը գրվել էր մեկ ամիս առաջ։ Թրամփը այդպիսով «հիշեցնում է» կողմերին իրենց պարտավորությունների և ԱՄՆ երաշխիքների մասին, որոնք ուժի մեջ կլինեն, եթե նրանք կատարեն իրենց «պարտավորությունները»:
Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը
Երեկ ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ զորքերի ներկայությունը Իրանի հետ Հայաստանի սահմանին TRIPP-ի գոտում Թեհրանում կընկալվի որպես սպառնալիք: Իսկ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը, անուղղակիորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ ռազմական գործողություններում: Այսինքն, Հայաստանը պարտավորվել է ամերիկյան զորք տեղադրել Իրանի սահմանին, իսկ Ադրբեջանը՝ օգնել ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմում։
Կկատարի՞ Ալիևը իր «առաքելությունը» և կմիանա Իրանի դեմ պատերազմին, և ի՞նչ կլինի, եթե Ալիևը դա չանի: Կհայտնվե՞ն արդյոք ամերիկյան զորքերը Հայաստանում՝ Իրանի սահմանին, և ինչպե՞ս կարձագանքի Իրանը։ Առայժմ ակնհայտ է Փաշինյանի միակ «հաղթանակը»՝ չիպսերի գործարանը Հրազդանում, և Ալիևի «ձեռքբերումը»՝ չվավերացված խաղաղության և Նախիջևան տանող չգործող «միջանցքի» տեսքով։ Մնացածը կախված կլինի “առաքելության” կատարումից։
Նաիրա Հայրումյան