Թրամփը հարցրեց, իսկ Պուտինը խոստացավ չհարձակվել Եվրոպայի վրա

Կրեմլը հաղորդել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև այցից հետո։

Զրույցի ընթացքում Պուտինը գովաբանել է Վաշինգտոնի միջնորդական ջանքերը և պնդել, որ Ռուսաստանը «բացարձակապես ագրեսիվ ծրագրեր չունի Եվրոպայի դեմ», – ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

Եվրոպայի վրա Ռուսաստանի հարձակումը փաստարկ է, որը օգտագործում են եվրոպական երկրները, դեմ արտահայտվելով Ռուսաստանի պայմաններով հրադադարին։ Եվրոպացիները պնդում են, որ Ուկրաինայում «հաղթանակը» միայն կբացի Ռուսաստանի ախորժակը, ինչը կհանգեցնի նրան, որ նա կթիրախավորի Եվրոպան։ Մյուս կողմից, Ուկրաինայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված սահմանների փլուզումը վտանգի տակ կդնի սահմանները ամբողջ Եվրոպայում և Մեծ Մերձավոր Արևելքում։

Հիշեցնենք, որ Կիևում Վիտկոֆի և Զելենսկու հանդիպմանը ներկա էին նաև եվրոպական երկրների ներկայացուցիչներ, և նրանք են, հավանաբար, հայտնել Ռուսաստանի չար մտադրությունները, որոնց մասին Թրամփը հարցրել է Պուտինին։ «Օ՜, Դոնի, – պատասխանել է Պուտինը, – մենք որևէ նման ծրագիր չունենք»։

«Դոնալդ Թրամփը հստակորեն պաշտպանում էր հակամարտության արագ ավարտի ցանկալիությունը, որը անմիջապես կբացեր տպավորիչ և հեռահար հեռանկարներ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լիակատար վերականգնման համար», – ասաց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ամերիկացի նախագահը շահագրգռված է իր նախագահության ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի հարցում առաջընթացի հասնելու խնդրում, ասաց Ուշակովը։ Թրամփը ռուսական ներխուժման ավարտը նշում է որպես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման նախապայման, որը կարող է «հսկայական օգուտներ» բերել երկու երկրներին, հայտարարեց Կրեմլը։