Հայաստանը սահմաններ չունի, իսկ Ադրբեջա՞նը

Այս կամ այն բնակավայրերի հետ կապված հարցերը կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու երկրները պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից:

«Գոյություն ունի համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները սկսվելու են սահմանի ավելի բարդ հյուսիսային հատվածից […] և շարժվելու են հյուսիսից հարավ», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բայրամովը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դետալներին, ապա, անշուշտ, բոլոր հարցերը կքննարկվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան ժամանակ, և սպասվում է, որ դրանք նույնպես կլուծվեն», – նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանազատել միջպետական սահմանի այն հատվածը, որով կանցնի TRIPP-ը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Երբ TRIPP-ը սկսի գետնի վրա իրականացվել, ապա հավանականություն կա, որ մասնակի սահմանազատման աշխատանքներ կիրականացվեն այն հատվածներում, որտեղ, օրինակ, կանցնի երկաթուղին կամ կկառուցվեն նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերը անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների մասով, բայց ընդհանուր տրամաբանությունն այն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հյուսիսից հարավ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի սահմանների մասին, պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կան միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այդ սահմաններին համապատասխան, նա պատվիրել է Հայաստանի քարտեզ, որը կրում է նույնիսկ գիշերանոցի վրա։

Մասնագետները վստահորեն պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի կից քարտեզներ չկային, և որ նախկին խորհրդային հանրապետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեն միայն հեխհեղուկ վարչական սահմաններ։ Վլադիմիր Պուտինը ևս պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները անորոշ են, քանի չի եղել սահմանազատում։ Այսինքն, չկա ոչ միայն Հայաստանի, նաև Ադրբեջանի սահման։

2020 թվականից հետո Ադրբեջանը մի քանի տեղերում իր սահմանային գիծը առաջ մղեց դեպի Հայաստանի խորք՝ որպես ապացույց ներկայացնելով անհայտ GPS քարտեզներ։ Հայաստանն ամեն անգամ նահանջում էր  առանց դիմադրության՝ այդպիսով զիջելով Գորիս-Կապան ճանապարհի մի մասը, Սոթքի հանքի կեսը, Սև լճի մի մասը և այլն։ Չնայած հայկական ուժերի դիմադրությանը, ադրբեջանցիները առաջխաղացում ունեցան նաև Ջերմուկի շրջանում և մինչ օրս այնտեղ են։

Վերջերս Կոռնիձորի համայնքի ղեկավարը լրագրողներին ասաց, որ ադրբեջանցիները բազմիցս փորձել են առաջխաղացում կատարել Հակարի կամրջի մոտակայքում և նույնիսկ լեզվակռիվներ են տեղի ունեցել։ Վերջերս, արբանյակային լուսանկարներին հղում անելով, տեղեկություն հայտնվեց առ այն, որ ադրբեջանցիները նաև առաջ են մղել իրենց դիրքերը Սյունիքի հարավում: Կառավարությունը չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։

Ադրբեջանի սահմանները չափազանց կասկածելի են, հատկապես հաշվի առնելով Արցախի ուժային և անօրեն օկուպացիան և միջազգային փաստաթղթերով Ադրբեջանի մաս չճանաչված Նախիջևանը ներառելու փորձերը: Ադրբեջանի «սահմանները» կարող են հաստատվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը «կամավոր» հրաժարվի այդ հողերի նկատմամբ իր իրավունքներից, ինչն էլ ներկայումս անում է Փաշինյանի կառավարությունը՝ հղում անելով անորոշ «միջազգայնորեն ճանաչված սահմանների»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշում է, որ միջազգային պրակտիկայում սահմանները ճանաչված են համարվում միայն հարևան երկրների փոխադարձ համաձայնությամբ սահմանազատումից հետո: Հայաստանի դեպքում նման համաձայնություններ չկան Հայաստանի որևէ հարևանի հետ։

Հայաստանն այժմ կոչ է անում շարունակել սահմանազատումը հարավում՝ Իրանի հետ սահմանին, ակնհայտորեն հույսը դնելով ԱՄՆ «երաշխիքների» և Թրամփի ճանապարհի վրա: Ադրբեջանը փորձում է խուսափել դրանից, քանի որ դեռևս չի ապահովել իր համար բարենպաստ դիրք Հայաստանի հարավում և չի “վերադարձել” Տիգրանաշենը: