Մենք նորից կլսենք, որ ինչ-որ հատվածներում հայկական դիրքերը տեղահանվում են

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ, այսինքն՝ սկսել այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի սահմանները։ Սա ի՞նչ է ենթադրում։

-Սա նշանակում է, որ Հայաստանի օկուպացված տարածքները դեռ երկար կմնան օկուպացիայի տակ։ Ես չեմ կարծում, որ ընդհանրապես մտադրություն ունեն այդ տարածքները վերադարձնել։ Ադրբեջանն այս ժամանակահատվածը դիտարկում է որպես ժամանակ շահելու ժամանակահատված։ Եվ հետապնդում է իր ռազմական առավելությունը պահպանելու քաղաքականությունը։

-Սա ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար։

-Մենք նորից կլսենք, որ ինչ-որ հատվածներում հայկական դիրքերը տեղահանվում են, տեղափոխվում են եւ այլն։ Ամենահյուսիսային կետում գտնվող մեր դիրքը սահմանից առաջ է ընկած դեպի Ադրբեջան, դասակային հենակետ է։ Եթե այդտեղից սկսեն, մենք կլսենք, որ հայկական դիրքերը տեղափոխվում են եւ այլն։ Իսկ ադրբեջանական դիրքերը մնալու են իրենց տեղերում։

-Բերձորում օրերս տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը, քննարկվեց ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի անցկացմանն առաջնահերթություն տալու հարցը։ Սա ի՞նչ է ենթադրում։

-Իրենք Հայաստանի տարածքով էլեկտականություն են տանում դեպի Նախիջեւան։ Դա է իրենց համար հիմա կարեւոր։ Դա չի նշանակում, որ հենց վաղը կսկսեն կառուցել, բայց ներս գալ, ուսումնասիրություններ անել, գուցեեւ ռազմական նշանակության տեղեկություններ հավաքագրել եւ այլն, դա անխուսափելի է։

Ո՞վ է պաշտպանելու Հայաստանում գտնվող ադրբեջանցի մասնագետներին ու աշխատողներին։

-Հավանաբար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Ադրբեջանական կողմին իր աշխատանքների համար կտրամադրեն կոմֆորտ պայմաններ, ինչպես միշտ։

Ռոզա Հովհաննիսյան