Թրամփը նախընտրական քարոզարշավը սկսեց Փաշինյանի տեխնոլոգիայով

Նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ Միացյալ Նահանգները աստիճանաբար անցնում է նախընտրական ռեժիմի: Վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփը կարող է “կորցնել” Ներկայացուցիչների պալատը, իսկ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Սենատում, Թրամփը երրորդ անգամ կբախվի իմպիչմենտի: Այնուամենայնիվ, նույնիսկ եթե հանրապետականները հաղթեն, Թրամփը կբախվի հին աշխարհակարգից նորի անցման ապահովման կարևորագույն խնդրին: Նոր աշխարհակարգը, ակնհայտորեն, չի կառուցվի լիբերալ արժեքների, շուկայական տնտեսության և բոլոր մարդկանց ու երկրների հավասարության վրա: Եւ դա արդեն ակնհայտ երևում է նախընտրական քարոզչության վրա։

Թրամփը պատրաստվում է ընտրություններին և կիրառում է նույն քաղաքական ռազմավարությունները, որոնք մի քանի ամիս առաջ ապահովեցին Նիկոլ Փաշինյանի “հաղթանակը” Հայաստանում: Դրանք ներառում են, առաջին հերթին, պատերազմի վախի բորբոքումը երկրում իշխանության փոփոխության դեպքում, ինչպես նաև բացահայտ ընտրակաշառքը: Հիշեցնենք, որ Փաշինյանը իր նախընտրական քարոզարշավը սկսեց 2026 թվականից սկզբից առողջապահական ապահովագրություն ներդնելով, կենսաթոշակները 10,000 դրամով բարձրացնելով և զինվորական ծառայությունը վեց ամսով կրճատելով: Իսկ արդեն նախընտրական քարոզարշավի սկզբում նա հայտարարեց, որ եթե հասարակությունը քվեարկի ընդդիմության օգտին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

Հիմա նույնն անում է Թրամփը։

Ամերիկացիները դժոխքի միջով կանցնեն, եթե հանրապետականները պարտվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, երեկ հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե մենք պարտվենք, դուք կկորցնեք ձեր սահմանը, կկորցնեք ձեր հարկային արտոնությունները, կկորցնեք ձեր անվտանգությունը, կկորցնեք ձեր բարգավաճումը…», – ասաց ամերիկացի առաջնորդը Հանրապետականների ազգային համագումարում։

Դոնալդ Թրամփը նաև խոստացել է յուրաքանչյուր չափահաս ԱՄՆ քաղաքացու վճարել 5000 դոլար, եթե հանրապետականները պահպանեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը նոյեմբերի միջանկյալ ընտրություններում։

Նա բացատրել է, որ սա «նման կլինի նրան, թե ինչպես են հաջողակ ընկերությունները դիվիդենտներ վճարում ներդրողներին»։

«Միակ սահմանափակումն այն է, որ դիվիդենտները պետք է ծախսվեն Միացյալ Նահանգներում», – հավելել է Թրամփը։ «Մենք չենք ուզում, որ դուք գնաք Կանադա և այնտեղ ծախսեք ձեր գումարը։ Մենք չենք ուզում, որ դուք գնաք Չինաստան, Գերմանիա… Դուք պետք է ձեր գումարը ծախսեք Միացյալ Նահանգներում», – ասել է նա։

Թրամփը նաև հայտարարություններ է արել Իրանի պատերազմի և նավթի գների անկման ժամկետների վերաբերյալ, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում ամերիկացիների մոտ բենզինի գների աճի ֆոնին։
CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, թե կարծում է, որ Իրանը կշարունակի պատերազմը առնվազն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրությունները՝ փորձելով ազդել դրանց արդյունքի վրա, և կավարտի հակամարտությունը քվեարկությունից անմիջապես հետո։

«Կարծում եմ՝ դա մի փոքր ավելի երկար կտևի, քան միջանկյալ ընտրությունները», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Դալասում Հանրապետականների ազգային համագումար գնալու ճանապարհին բենզինի գների անկման մասին հարցին։

Նախագահի խոսքով՝ Իրանը հետաքրքրված է ազդել ԱՄՆ ընտրությունների վրա և ապահովել ավելի թույլ Կոնգրեսի ընտրություն, որը թույլ կտա Թեհրանին շարունակել իր միջուկային ծրագիրը։

Թրամփի հայտարարությունները հնչել են համաշխարհային նավթի գների նոր աճի ֆոնին։ Նավթի բազային գինը կրկին գերազանցել է 100 դոլարը մեկ բարելի համար՝ Իրանում ռազմական գործողությունների սրման պատճառով։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն։

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ Թրամփը մեղադրել է Զելենսկիին բանակցություններից հրաժարվելու համար։ «Նա (Պուտինը – խմբ.) ցանկանում է գործարք կնքել, և եթե Զելենսկին նույնպես ցանկանում է գործարք կնքել, դա շատ լավ կլինի», – ասել է Օվալաձև գրասենյակի ղեկավարը։ Խաղաղության համաձայնագրի կնքման հետաձգման վերաբերյալ հաջորդ հարցին պատասխանելով՝ Թրամփը պնդել է, որ Պուտինը և Զելենսկին «ատում են միմյանց»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները «հոգնել են կռվելուց»։