
Հուսիթները գրավել են Եմենի արևմտյան ափին գտնվող Մոքա նավահանգստային քաղաքը և ամրապնդել իրենց դիրքերը Կարմիր ծովի հարավային ելքի՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցում։
Հուսիթների առաջխաղացումը տեղի ունեցավ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ակնկալում է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի 2026 թվականի նոյեմբերի միջանկյալ ընտրություններից հետո։ Եթե հուսիթները պահպանեն Բաբ էլ-Մանդեբի վերահսկողությունը, Սպիտակ տունը ավելի քիչ տարածք կունենա մանևրելու հակամարտությունը դադարեցնելու համար, հաղորդում է Reuters-ը։
Հուսիթների ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ Կարմիր ծովում նավագնացությունը անվտանգ է բոլոր ընկերությունների համար, բացառությամբ Սաուդյան Արաբիայի՝ նավթի խոշորագույն արտահանողի նավերի, որը ներգրավված է հուսիթների դեն հակամարտության մեջ Եմենի կառավարության կողմից։
Սեպտեմբերի սկզբին հուսիթները հայտարարեցին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընդլայնման մասին և հարվածներ հասցրին Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող չորս քաղաքներին: Հարձակման հետևանքով ավելի քան 70 մարդ վիրավորվեց, իսկ նավթային օբյեկտներում հրդեհներ բռնկվեցին: Սաուդյան Արաբիան, իր հերթին, ավելի քան 60 ավիահարված հասցրեց հուսիթների կողմից վերահսկվող մի քանի նահանգների վրա։
2014 թվականից ի վեր Եմենը ներքաշված է քաղաքացիական պատերազմի մեջ, որն արդեն հանգեցրել է երկրի փաստացի բաժանմանը երեք պատերազմող կողմերի միջև: Իրանամետ հուսիթները գրավել են Եմենի հյուսիսային և արևմտյան նահանգները, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան, որտեղ ապրում է բնակչության մոտ 70%-ը։
Արևմտյան փորձագետները նշում են, որ հուսիթները մնում են Իրանի վերջին դաշնակիցներն ու պրոքսիները՝ Լիբանանում «Հեզբոլլահ»-ի, Իրաքում իրանամետ ուժերի և Գազայում «Համաս»-ի թուլացումից հետո: Ներկայիս սրացումը կարող է օգտագործվել հուսիթներին լիովին չեզոքացնելու և Հորմուզը և Բաբ էլ-Մանդեբը ամերիկյան վերահսկողության տակ վերցնելու համար։ Իրանցի վերլուծաբանները, ընդհակառակը, պնդում են, որ հուսիթները կարող են անդառնալի վնաս հասցնել Սաուդյան Արաբիային, ինչը կհանգեցնի արաբական երկրների հնարավոր անհետացմանը՝ որպես աշխարհի հիմնական նավթային աղբյուրներ և Միացյալ Նահանգների «պարտքի դրամապանակ»։ Ցանկացած դեպքում դա կփոխի Մերձավոր Արևելքի քարտեզը։