
Երևանի Կինոյի տանը այսօր կայացավ Անի Մանգասարյանի հեղինակած «Արցախի մեդիայի ձայները» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։
Ֆիլմը պատմում է Արցախի տեղեկատվական դաշտի երեք կարևոր հենասյուների՝ «Ազատ Արցախ» թերթի, Արցախի հանրային ռադիոյի և Արցախի հանրային հեռուստատեսության պատմության ու գործունեության մասին՝ հակամարտության տարիների ընթացքում։
Ֆիլմի ռեժիսորն է Հրայր Ավետիսյանը, օպերատորը՝ Տիգրան Գասպարյանը, անգլերեն թարգմանությունը կատարել է Անի Մեժլումյանը։
Անի Մանգասարյանի համար ֆիլմի ստեղծումը պարզապես լրագրողական կամ կինեմատոգրաֆիական նախագիծ չէր։ Դա տարիների ընթացքում հավաքված հիշողություններն ու արժեքավոր արխիվային նյութերը մեկտեղելու, Արցախի մեդիայի անցած ճանապարհը փաստագրելու և այն ապագային փոխանցելու աշխատանք էր։
«Իմ նպատակն էր ամբողջացնել այս մեդիաների անցած ճանապարհը, հավաքագրել արժեքավոր նյութեր, հանդիպումներ ունենալ մեդիաաշխատակիցների հետ և արձանագրել նրանց խոսքը»,- շնորհանդեսի ժամանակ նշեց ֆիլմի հեղինակը։
Անի Մանգասարյանն ընդգծեց, որ Արցախում գործել են նաև բազմաթիվ այլ լրատվամիջոցներ՝ շրջանային ու մայրաքաղաքային թերթեր, գեղարվեստական մամուլ, թվային հարթակներ, որոնք մեծ աշխատանք են կատարել։ Սակայն ֆիլմում ընտրված երեք կառույցները նրա համար առանցքային են եղել ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուրներ, այլև որպես հասարակությունը միավորող և պետականությունը համակարգող կարևոր խորհրդանիշներ։
Ֆիլմի ստեղծման ընթացքում հեղինակն ու ստեղծագործական խումբը հավաքագրել են մեծածավալ արխիվային նյութեր և զրուցել Արցախի մեդիայի տարբեր տարիների աշխատակիցների հետ։ Այս աշխատանքը հատկապես արժեքավոր է այսօր, երբ այդ պատմության մեծ մասը մեզ է հասնում արդեն կորսված հայրենիքի հիշողության ու վկայությունների միջոցով։
Ֆիլմը թարգմանվել է նաև անգլերեն, ինչը հնարավորություն կտա այն ներկայացնել միջազգային հարթակներում և Արցախի մեդիայի պատմությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանի։
Շնորհանդեսի կազմակերպիչ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Յուրի Նավոյանը նշեց, որ այս ցուցադրությամբ մեկնարկում է մշակութային միջոցառումների Արցախյան շարք։
Նրա խոսքով՝ ֆիլմը մասնագիտական և քաղաքացիական խիզախության մասին է՝ մարդկանց, որոնք տասնամյակներ շարունակ աշխատել են ոչ միայն արցախյան, այլև միջազգային լսարանի համար։
Ֆիլմի դիտումն ուղեկցվեց հուզմունքով։ Ներկաները վերապրեցին Արցախյան շարժման, ազատամարտի, հետպատերազմյան տարիների, 2016 թվականի ապրիլյան քառօրյայի, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, շրջափակման և, ի վերջո, բռնի տեղահանության տարիների հիշողությունները։
Այդ ողջ ընթացքում Արցախի մեդիան իր առաքելությունն իրականացրել է մեծ պատասխանատվությամբ՝ տեղեկացնելով, փաստագրելով, փոխանցելով մարդկանց ձայնն ու պահպանելով ժամանակի վկայությունները։
Բայց Արցախի մեդիայի պատմությունը տեղահանությամբ չի ավարտվել։
Արցախի հանրային հեռուստատեսությունն այսօր էլ շարունակում է իր գործունեությունը Հայաստանում՝ սուղ պայմաններում և փոքրաթիվ թիմով։ Շարունակվող աշխատանքը ևս մեկ վկայություն է, որ Արցախի մասին պատմելու, հիշողությունը պահպանելու և տեղի ունեցածը փաստագրելու առաքելությունը շարունակվում է։
Շնորհանդեսին ներկա էին Արցախի վաստակավոր լրագրողներ, մեդիաաշխատակիցներ, մշակույթի գործիչներ, գրողներ, ինչպես նաև տարբեր սերունդների ներկայացուցիչներ։
Ֆիլմի հեղինակային խմբի աշխատանքը բարձր գնահատեց նաև Սերգեյ Շահվերդյանը։
«Ֆիլմում մենք տեսանք Արցախի մեդիայի ամփոփ նկարագիրը տարիների ընթացքում։ Համոզված եմ՝ շուտով լույս կտեսնեն նաև ֆիլմեր Ստեփանակերտի թատրոնի, Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ, ինչը շատ կարևոր եմ համարում»,- նշեց նա։
«Արցախի մեդիայի ձայները» Անի Մանգասարյանի և ստեղծագործական խմբի մեծ ու հետևողական աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմում հավաքված արխիվը, մարդկանց հիշողություններն ու վկայությունները կարևոր փաստագրական արժեք ունեն և կարող են հիմք դառնալ Արցախի մեդիայի պատմության հետագա ուսումնասիրությունների համար։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ