Ռուբինյան․ Հաջիևի հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը խորհրդարանում բարձրաձայնեց Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, մասնավորապես՝ Գանձասարի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունների հարցը՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից պահանջելով հստակ դիրքորոշում հայտնել։
Գրիգորյանը հիշեցրեց, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մի խումբ դիվանագետների հետ գտնվել է Արցախում, որտեղ հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես աղվանական։
Ռուբինյանն ի պատասխան հայտարարեց, որ Հայաստանի` Ադրբեջանի հետ «նոր ձեռք բերած խաղաղությունը» մշտական խնամքի կարիք ունի, և կարևոր է տարբեր հարցերի նկատմամբ զգայնություն ցուցաբերել։
«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են»,– նշեց ԱԺ նախագահը։
Միաժամանակ Ռուբինյանը դրական է համարեց փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը նման հարցերի շուրջ տարաձայնություններն այսօր չեն արտահայտվում սահմանային կրակոցներով կամ բախումներով։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գրիգորյանը հակադարձեց` ասելով, որ զգայնությունը չի նշանակում լռություն, և որևէ գերատեսչություն կատարվածին չի արձագանքել։