Իրանի մասին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի տարօրինակ հայտարարությունը

Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Իրանի երկաթուղիների ընկերության գլխավոր տնօրեն Ջեբերալի Զաքերիի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ենթակառուցվածքները և առկա հնարավորությունները։ Մանրամասներ չեն տրամադրվել այն մասին, թե ինչպես կարող են Իրանն ու Հայաստանը միացնել իրենց երկաթուղիները՝ առանց Նախիջևանը բացելու։

Այնուամենայնիվ, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել TRIPP նախագծին։ «ՀՀ դեսպանը ներկայացրել է այս ծրագրի հիմնական սկզբունքներն ու մոտեցումները, այդ թվում՝ այն մեխանիզմները, որոնք այն նախատեսում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավասությունը հարգելու, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու և տնտեսական համագործակցությունը խթանելու համար», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում «տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը» և հայ-իրանական սահմանին ամերիկյան զորքերի ներկայությունը։ Հայտարարություններ են արվել նաև այն մասին, որ TRIPP-ը չպետք է վտանգի Իրանի և Հայաստանի միջև անարգել տեղաշարժը։ Մինչ օրս այս հարցերին պատասխան չի եղել, բացի վերընշված “հավաստիցումներից”։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը, ի պատասխան The Hill-ի այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանի մեկուսացմանը միանալու խնդրանքը, պատասխանել է. «Աշխարհում չկա որևէ թեմա, որը չի կարող քննարկվել. ամեն ինչ քննարկման առարկա է»։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ TRIPP ծրագրի հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը նաև վստահեցրեց, որ այս ծրագիրը ուղղված չէ որևէ երրորդ երկրի, այդ թվում՝ Իրանի կամ Ռուսաստանի դեմ։

«Մենք այս ծրագիրը քննարկել ենք նաև մեր հարևան Իրանի հետ: Իրանը մեր անմիջական հարևանն է: Այնտեղ կա հայկական համայնք, և մենք պետք է նորմալ հարաբերություններ ունենանք Իրանի հետ, և մենք միշտ էլ ունեցել ենք: Իրանի հետ խաղաղ սահմանը և Իրանի հետ բարեկամական հարաբերությունները նույնպես կարևոր են այս ծրագրի (TRIPP) հաջող իրականացման համար: Մենք երկխոսության մեջ ենք մեր հարևանների հետ՝ ասելով, որ սա ուղղված չէ նրանց դեմ: Սա միայն հաղորդակցության, ենթակառուցվածքների և առևտրի մասին է: Եվ սա որևէ կապ չունի հնարավոր ռազմական գործողությունների հետ: Մենք պետք է շարունակենք այս հաղորդակցությունը՝ տրամադրելով բոլոր մանրամասները և մեղմելով նրանց մտահոգությունները», – ասաց դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Բայց եթե պետք լինի, կքննարկենք Իրանի մեկուսացումը, ասել է դեսպանը։