
Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր։ Սեպտեմբերի 17-ին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Երբ 2024 թվականի գարնանը Խորհրդարանում խոսեցի «իրական Հայաստանի» գաղափարի մասին, ինձ մի պատմություն փոխանցեցին, որն ինձ պարզապես ապշեցրեց։ Պատգամավորներից մեկն արձագանքել էր․ «Այսինքն՝ ինքը ուզում է ասել, որ Մուշն ու Վանը մերը չե՞ն»։ Սա թերևս տարօրինակ արձագանք թվա, բայց իրականում տալիս է բազմաթիվ հարցերի պատասխաններ, որովհետև անվտանգային շատ խնդիրներ սկսվում են հենց մեր մտքում՝ իրականության և միջավայրի ընկալումից։ Քաղաքացիների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրանցից մեկն ասաց, թե «Պատմություն» առարկայի ժամին ուսուցիչն իր երեխային ասել է, որ մեծանան՝ պետք է ազատագրեն Մուշն ու Վանը»։ Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ սրանք այնպիսի երևույթներ են, որոնք համաժողովներում սովորաբար չեն քննարկվում։
Մուշն ու Վանը, նաև Նախիջևանը Հայաստանից խլվել է 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով։ Մի քանի ամիս առաջ Ալիևը Կարսի պայմանագրի հղումը հանել է Նախիջևանի սահմանադրությունից։ Դա նշանակո՞ւմ է, որ Կարսի պայամանգիրը չի գործում։ Եթե այո, ապա Մուշն ու Վանը պետք է նորից մերը լինեն։ Եթե Կարսի պայմանագիրը գործում է, Ալիևը ո՞ր իրավունքով է Նախիջևանը հանում այդ պայմանագրից։
Նիկոլ Փաշինյանն հավելել է նաև, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Հայաստանում հայտնի հարթակներից առաջ է մղվում մի թեզ, որը ձևակերպվում է հետևյալ կերպ․ «Պետք է հզորանանք, որ ազատագրենք Արցախի Հանրապետությունը»։
Փաշինյանը սա անվանել է հիմնարար խնդիր, որին Հայաստանը բախվել է ղարաբաղյան ողջ գործընթացում, երբ բանակցային սեղանի շուրջ և հանրային հարթակներում գոյություն ունեին երկու զուգահեռ հռետորաբանություն ու ընկալում։ «Սա շարունակելն անտրամաբանական դարձավ հատկապես սոցիալական ցանցերի ի հայտ գալով, որոնք ջնջեցին Ներքին և արտաքին խոսույթների միջև եղած սահմանները»,- ընդգծել է նա։