Իրանը հայտնել է իր վերջնագիրը ԹՐԻՓՓ-ի վերաբեյալ

Երեկ Հայաստանի Սահմանադրական դատարանը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված TRIPP համաձայնագիրը սահմանադրական համարեց, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն հրավիրեց՝ քննարկելու TRIPP-ի զարգացումը։ Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ եթե Հայաստանը կատարի բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, TRIPP-ը անիրատեսական է, քանի դեռ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն չի հաստատվել, և Հայաստանը նոր Սահմանադրությամբ չի “ճանաչել” Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Նախիջևանի կարգավիճակը։

Այսօր Հայաստանում Իրանի դեսպանը կարևոր հայտարարություններ արեց այս հարցի վերաբերյալ՝ գործնականում վերջնագիր հնչեցնելով. Իրանը չի համաձայնի ԱՄՆ զորքերի ներկայությանը Հայաստանի հետ իր սահմանին կամ TRIPP-ի ստեղծմանը, քանի դեռ Ադրբեջանը չի բացել Նախիջևանի երկաթուղին Իրանի և Հայաստանի համար։ Եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել Զանգեզուրի միջանցքը և խախտել Հայաստանի ինքնիշխանությունը, Իրանը վճռական գործողություններ կձեռնարկի, ասել է դեսպանը։

Մենք հայտնել ենք մեր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, միաժամանակ կարծում ենք, որ խաչմերուկը ենթադրում է Արևմուտք-Արևելք, ինչպես նաև Հյուսիս-Հարավ շարժ։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

«Ինչպես Հայաստանը պատասխանատվությամբ աջակցում է այդ նախագծին և TRIPP-ի շրջանակում փորձում է օգնել Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու գործում ու ջանքեր է ներդնում խաղաղության հաստատման համար, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատվությամբ ապահովի Հայաստանի և Իրանի միջև Նախիջևանի միջոցով երկաթուղային կապի հնարավորությունը»։

«Երասխի և Ջուղայի միջև երկաթուղային կապի ստեղծումը կարող է Հայաստանի համար նոր ներուժ ձևավորել՝ այն դարձնելով կարևոր հանգույց, որը կապում է Պարսից ծոցն ու Սև ծովը», – նշել է Շիրղոլամին։

«Իրանը վճռականորեն և հստակորեն հանդես է եկել «Զանգեզուրի միջանցք» գաղափարի դեմ, քանի որ այս ծրագիրը հանգեցնում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցմանը։

Ցանկացած այլընտրանքային նախագծի շրջանակում Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի համար կարմիր գիծ է։

Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ Հայաստանի ազգային ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը հայտնվեն սպառնալիքի տակ, ապա Իրանը վճռական և շատ լուրջ դիրքորոշում կդրսևորի»,- նշել է դեսպանը։

Այս նախագծում կան ինքնիշխանության համար անընդունելի տարրեր, որոնք սպառնալիքներ էին ստեղծում Հայաստանի ազգային ինքնիշխանության համար, և, թվում է, Հայաստանը ներգրավել է ԱՄՆ-ին որպես հավասարակշռող գործոն և լրացուցիչ երաշխիք՝ անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու, ինչպես նաև Անկարայի և Բաքվի ճնշումը մեղմելու համար, ասել է դեսպանը։

Ժամանակը նաև ցույց կտա, թե որքանով ներկա և ապագա իշխանությունները նվիրված կլինեն նախագծի իրականացմանը և որքանով կփորձեն աջակցություն ցուցաբերել Հայաստանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,- նշել է Շիրղոլամին։

«Նածագծի իրականացման մանրամասն մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն։ Ինձ թվում է, Հայաստանի իշխանություններն էլ այս հարցի վերաբերյալ չունեն համապարփակ պատկերացում, և միայն ժամանակը ցույց կտա, թե այն ինչպիսին կարող է լինել»,- ընդգծել է Շիրղոլամին։

Հաշվի առնելով ԱՄՆ-ի, հատկապես Թրամփի, թշնամական վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ՝ Թեհրանը լրջորեն մտահոգված էր Հայաստանի և Իրանի սահմանին ամերիկացիների ներկայությամբ, և Իսլամական Հանրապետությունը այդ մտահոգությունը հայտնել էր Հայաստանին։

«Միաժամանակ մենք վստահ ենք, որ Հայաստանի և Իրանի միջև եղբայրական հարաբերությունները հաշվի առնելով՝ կարող ենք պատշաճ կերպով վերահսկողության տակ պահել այդ հարցը։

Եթե ԱՄՆ-ը TRIPP-ի իրականացման ընթացքում առաջնորդվի այն մոտեցմամբ, որ պետք է հնարավորինս քիչ խոչընդոտի Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացմանը, ապա դա նույնպես կդառնա շատ կարևոր ձեռքբերում։ Սակայն այս հարցի վերաբերյալ առայժմ շատ դժվար է կարծիք հայտնել։

Իրանի մտահոգությունները փարատելու լավագույն միջոցը ինստիտուցիոնալ մեխանիզմի առկայությունն է, որի միջոցով հնարավոր կլինի քննարկել առաջացող հարցերը և կառավարել դրանք», – հավելել է նա։

Դեսպանը նշել է, որ TRIPP-ը պատմական փորձություն է, որի արդյունքներով հնարավոր կլինի գնահատել, թե որքան հեռատես և խելամիտ կլինի Հայաստանը։