Արցախցիների խնդրագիրը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին

Հաշվի առնելով Ադրբեջանի նախախորհրդային, խորհրդային և հետխորհրդային շրջանների վարչակազմերի կողմից պետական մակարդակով ծրագրված և 1918 թվականին Բաքվում, 1920 թվականին Շուշիում, 1988 թվականին Սումգայիթում ու Գանձակում, 1990 թվականին Բաքվում, 1991-1994, 2016, 2020, 2022-2023 թվականներին Արցախի Հանրապետությունում ազգությամբ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ անժխտելի փաստերը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հրատապ անհրաժեշտությունը,

Նկատի ունենալով Արցախի Հանրապետության հայության նկատմամբ Ադրբեջանի գործող վարչակազմի իրականացրած քաղաքականության վերաբերյալ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները՝ ըստ որոնց Ադրբեջանը բնորոշվել է որպես «ցեղասպան պետություն», իսկ Ադրբեջանի գործողությունները՝ «ցեղասպանական գործողություններ»,

Հիմք ընդունելով 2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիան (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան… վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը…հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման»՝

ԴԻՄՈւՄ ԵՆՔ՝

Միավորված ազգերի կազմակերպությանը,

Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության կարգավորմամբ իրապես շահագրգիռ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիային միացած միջազգային հանրության անդամ առանձին պետություններին, ի մասնավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին՝ Ֆրանսիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Չինաստանին՝

ԽՆԴՐԵԼՈՎ՝

խստորեն դատապարտել հայության նկատմամբ Ադրբեջանի ավելի քան հարյուր տարի տևող ցեղասպանական փաստագրված քաղաքականությունը,

միջազգային իրավական ակտերի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին հայության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունների համար,

ապագայում Ադրբեջանի կողմից կրկին ցեղասպանվելու իրական վտանգը կանխարգելելու, այդպիսով Արցախի հայությանը պաշտպանելու նպատակով ճանաչել միջազգային և ԽՍՀՄ ներպետական իրավական ակտերի հիման վրա Լեռնային Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման արդյունք հանդիսացող Արցախի Հանրապետությունը,

ձեռնարկել գործուն միջոցներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի պարտադիր կատարման ենթակա որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի իր պարտավորությունների համաձայն՝ ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել ապահով, առանց խոչընդոտների և արագորեն: