Ռուսաստանում ընտրությունների վերջին օրը հարյուրավոր դրոններ են հարձակվել Մոսկվայի վրա

Մոսկվայի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դրոնների զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, առնվազն վեցը՝ վիրավորվել, գրել է նահանգապետը։ Նա հայտնել է մոտ 250 անօդաչու սարքի ոչնչացման մասին։ Հրդեհներ են գրանցվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում և պահեստում։ Մոտ 850,000 քառակուսի մետր մակերեսով լոգիստիկ համալիրը այրվում է։ Նահանգապետը նաև հայտնել է հարվածների և հրդեհների մասին երեք բազմահարկ շենքերում և մեկ մասնավոր տանը։

Այսօր Ռուսաստանի ընդհանուր ընտրությունների քվեարկության երրորդ և վերջին օրն է։ Սեպտեմբերի 18-ից 20-ը Ռուսաստանում կանցկացվեն 9-րդ Պետական ​​դումայի պատգամավորների, նահանգապետերի, երեք տարածաշրջանային խորհրդարանների և 39 օրենսդիր ժողովների ընտրություններ։

Չնայած վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա ակտիվացած հարձակումներին՝ Պուտինը չի չեղարկել ընտրությունները։ Այսօր ավարտվող եռօրյա քվեարկության «հաջող» անցկացումը Կիևի և Մոսկվայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների մեկնարկի չբարձրաձայնված պայմաններից մեկն է։ Ոմանք կարծում են, որ ԱՄՆ-ն “երաշխավորել է” ընտրությունների անվտանգությունը, զսպելով Ուկրաինայի քայլերը, որոնք կարող են բերել ընտրությունների չեղարկման։

Այնուամենայնիվ, ընտրությունները վտանգված են։ Այսօր վաղ առավոտյան Հեռավոր Արևելքում տեղի է ունեցել շատ հզոր դիվերսիա։ «Դիվերսանտները սղոցեցին կապի սյունը՝ կտրելով մալուխը, Ռուսաստանի չորս խոշոր շրջաններ թողնելով առանց կապի», – ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։

Երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց Ռուսաստանի տարածքի խորքում նոր հարվածների մասին, բայց չասաց՝ դրանք տեղի կունենան ընտրությունների օրը՝ այսօր, թե՞ հետո։

Միևնույն ժամանակ, արդեն բացահայտ քննարկվում է Ռուսաստանի միջամտությունը Եվրոպայում ընտրություններին։ Կրեմլը նաև նախաձեռնել է մեկ այլ առցանց արշավ՝ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ, ըստ The New York Times-ի։ Սակայն ռուսական “Մատրյոշկայի” ներդրված նյութերը հիմնականում ուղղված են Թրամփի հակառակորդ դեմոկրատ թեկնածուներին։

Ըստ երևույթին, Ռուսաստանի ընտրությունների ժամանակ Թրամփի երաշխիքների դիմաց Պուտինը «երաշխիքներ» է առաջարկել դեմոկրատների պարտության և եվրոպական երկրներում աջակողմյան ուժերի իշխանության գալու վերաբերյալ։

Նշենք, որ նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրություններում ամերիկացիները կվերընտրեն 100 սենատորներից 35-ին, ամբողջությամբ Ներկայացուցիչների պալատը, ինչպես նաև կընտրեն 36 նահանգների նահանգապետեր։