ԻՆՉՈ՞ւ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՅ ԹԱԳԱՎՈՐ, ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ-ԴՈԼԱՆ ԿՐՈւՄ ՕՏԱՐԱՀՈւՆՉ ԱՆՈւՆՆԵՐ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՆՇԱՆԱԿՈւՄ ԴՐԱՆՔ

Համաձայն 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու և հայ ու օտարազգի հետազոտողների՝ անվիճելի է այն փաստը, որ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ հայ է և սերում է հայոց ամենանշանավոր ու հռչակավոր տոհմերից: Սակայն որտեղի՞ց, այդ դեպքում, նրա օտարահունչ անունը, ի՞նչ են նշանակում նրա երեք ոչ հայկական անվանումները` Հասան, Ջալալ և Դոլա:

Նկատի ունենալով Իրանի, ապա և հատկապես արաբական խալիֆայության, նրանց միջոցով էլ` օտար մշակութային միջավայրերի հսկայական ազդեցությունը ողջ Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի ու նրա ժողովրդի վրա՝ կարելի է ենթադրել, որ պատմական տվյալ ժամանակաշրջանում արաբերեն լեզուն եղել է բավականին հարգի և ունեցել է մոտավորապես այն արժեքը, ինչ որ անգլերենը ժամանակակից աշխարհում: Այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ հռչակ ունեցող մարդկանց կոչել են արաբական անուններով, որպես առանձնահատուկ արժանիքների տեր անհատականությունների: Արցախի իշխանաց իշխանի արաբական ծագման անվանումներ ունենալն, ըստ երևույթին, պայմանավորված է հենց վերոնշյալ հանգամանքով:

Հնում, ինչպես և այսօր, Արցախում ու նաև ամբողջ Հայաստանում, ավանդույթի համաձայն, ավագ որդուն կոչել են պապի անունով: Տվյալ դեպքում Հասան-Ջալալ-Դոլայի հայրը՝ Արցախի Ներքին Խաչեն գավառի իշխան Վախթանգ-Տանգիկն իր ավագ որդուն` Հասան-Ջալալ-Դոլային, կոչել է իր հոր` Հասանի անունով:

Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասանին անվանել են նաև «Ջալալ» և «Դոլա»:

Համաձայն ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի՝ Հասան, Ջալալ, Դոլա անուններն ունեն արաբական ծագում:

«Հասան»-ը արաբերենից թարգմանաբար հայերեն նշանակում է «գեղեցիկ տղամարդ», «Ջալալ»-ը՝ «փառք, վեհություն, մեծություն», իսկ «Դոլա»-ն էլ ծագում է արաբերեն «դավլաթ-դովլաթ» բառից և հայերեն նշանակում է «հարստություն, մեծություն, ինչք, պետություն, իշխանություն»:

Արցախահայությունն իր իշխանապետին` Հասանին, մեծարելով, կոչել է «Ջալալ-Դոլա», որ բառացի թարգմանաբար նշանակում է «փա՛ռք պետությանը», «փա՛ռք իշխանությանը»:

Սա բառացի թարգմանությամբ մոտավորապես նման է ռուսերեն «слава царю» (փա՛ռք թագավորին) արտահայությանը, իսկ իմաստային թարգմանության պարագայում «Ջալալ-Դոլա» արտահայտությունը նշանակում է «պետության փառք», «պետության վեհություն»:

Հարկ է նշել, որ Հասանի եղբայր Զաքարեն էլ է ունեցել համանման անվանում, նա էլ կոչվել է «Նասր-Դոլա», ինչը թարգմանաբար հայերեն նշանակում է «օգնություն կամ հաղթություն պետությանը»:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, 1214-1261թթ. Արցախի հայ թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան իր անվան մեջ խտացրել էր պետության գաղափարը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ