
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված արցախցիների սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին։ Թվում էր՝ սա այն հազվադեպ հարթակներից մեկը պետք է լիներ, որտեղ հնարավոր էր առանց ավելորդ քաղաքականացման խոսել Հայաստանում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց առջև ծառացած խնդիրների մասին։
Սակայն քննարկումը հարթ չընթացավ։ ՀՀ կառավարության և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները լքեցին դահլիճը այն բանից հետո, երբ նիստը վարող հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ քննարկմանը ներկա են նաև Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները։
Այս արձագանքը պատահական չէր։ Հայաստանի իշխանությունների համար Արցախի Հանրապետության պետական մարմինների անգամ ֆորմալ հիշատակումը դարձել է քաղաքականապես անընդունելի։ Ավելին՝ իշխանական խոսույթում գնալով ավելի հաճախ է տպավորություն ստեղծվում, որ խնդիրն արդեն ոչ միայն Արցախի պետական ինստիտուտների, այլև հենց «Արցախ» բառի հետ է։
Կարելի է երկար քննարկել, թե որքանով են այս վարքագիծը պայմանավորված Ադրբեջանի հնարավոր արձագանքով, որքանով՝ Հայաստանի իշխանությունների սեփական քաղաքական հաշվարկներով։ Բայց մի բան ակնհայտ է․ իշխանությունների մոտ Արցախի թեմայի նկատմամբ առկա է զգուշավորության, իսկ որոշ դեպքերում՝ ակնհայտ վախի քաղաքականություն։ Եվ այդ քաղաքականությունը աստիճանաբար դուրս է գալիս միայն արտաքին քաղաքականության շրջանակներից՝ ազդելով Ղարաբաղյան շարժման, Արցախի պատմության և անգամ Հայաստանի նորագույն պատմության վերաբերյալ իշխանական նարատիվների վրա։
Կարծում եմ, որ արցախցիների իրավունքների պաշտպանության օրակարգը մեկ խնդիր չէ և մեկ ճակատ չէ։
Հայաստանի կառավարության հետ աշխատանքի, Հայաստանում արցախցիների սոցիալական և տնտեսական ինտեգրման, Ադրբեջանի կողմից խախտված իրավունքների վերականգնման, ատելության խոսքի դեմ պայքարի, միջազգային իրավական գործընթացների և Արցախի քաղաքական ներկայացվածության հարցերը նույն գործիքներով հնարավոր չէ լուծել։
Այս հարցերը մեկ ընդհանուր քաղաքական փաթեթի մեջ ներառելը կարող է նույնիսկ վնասել դրանցից յուրաքանչյուրին։
Սոցիալ-տնտեսական խնդիրների դեպքում ամենակարևոր և ամենաազդեցիկ գործընկերը Հայաստանի կառավարությունն է։ Բնակարանային ապահովությունը, զբաղվածությունը, սոցիալական ծրագրերը, կրթությունը, առողջապահությունը, փաստաթղթային և իրավական բազմաթիվ խնդիրներ լուծվում են Հայաստանում և, ի վերջո, Հայաստանի պետական համակարգի միջոցով։ Ուստի այստեղ անհրաժեշտ է ոչ թե մշտական հրապարակային առճակատում, այլ հետևողական և պրագմատիկ աշխատանք։ Պետք է գտնել այն օղակներն ու մարդկանց, որոնց միջոցով հնարավոր է կառավարությանն հասցնել առաջարկներ, ներկայացնել կոնկրետ խնդիրներ և հասնել կոնկրետ լուծումների։ Այս աշխատանքը շատ դեպքերում պետք է լինի ոչ հրապարակային։ Կան բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, որոնց լուծումը շատ ավելի հեշտ կլինի, եթե դրանք չվերածվեն քաղաքական պայքարի հերթական թեմայի։
Հատկապես կարևոր է արցախցիների սոցիալական և տնտեսական խնդիրները հնարավորինս հեռու պահել Հայաստանի ներքաղաքական բևեռացված մրցակցությունից։ Արցախցիների բնակարանային, աշխատանքի, սոցիալական աջակցության կամ իրավական առօրյա խնդիրները չպետք է դառնան իշխանության և ընդդիմության հերթական պայքարի գործիք։
Այլ մարտավարություն է պահանջում արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեմ պայքարը։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների կամ իշխանամերձ հանրային գործիչների կողմից արցախցիների նկատմամբ ատելության կամ խտրականության դրսևորումները պետք է ստանան համարժեք հակազդեցություն։ Կառավարող կուսակցության առաջնորդների հետ պետք է աշխատանք տարվի հակաարցախյան հռետորաբանությունը զսպելու, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արցախցիների դեմ ատելության խոսքը արմատախիլ անելու ուղղությամբ։ Պատշաճ պայքար պետք է տարվի սոցցանցերում, լրատվամիջոցներում և այլ հանրային հարթակներում արցախցիների դեմ ատելության խոսքի դեմ, այդ թվում՝ դիմելով իրավապահ մարմիններին, գործերը տանելով դատարաններ, իսկ ներպետական ընթացակարգերը սպառելու դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Ադրբեջանի կողմից արցախցիների կոլեկտիվ և անհատական իրավունքների խախտումների դեմ պայքարը ևս պետք է կառուցվի առանձին տրամաբանությամբ։ Այստեղ անհրաժեշտ է ներգրավել հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, Սփյուռքի կառույցներին, միջազգային իրավաբանների, ինչպես նաև տարբեր երկրներում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչություններին և այն կառույցներին, որոնք ունեն համապատասխան միջազգային կապեր ու փորձ։
Վերադարձի իրավունքը, գույքային իրավունքները, մշակութային ժառանգության պահպանությունը, անձնական և ընտանեկան իրավունքները, գերության մեջ գտնվող անձանց հարցերը և այլ խնդիրներ պահանջում են երկարաժամկետ, համակարգված աշխատանք։ Այս ճակատում անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական հայտարարություններ անել, այլև հնարավորինս շատ փաստաթղթեր ստեղծել՝ իրավական դիմումներ, դատական որոշումներ, խորհրդարանական բանաձևեր, միջազգային կառույցների զեկույցներ և այլ փաստաթղթեր։ Յուրաքանչյուր նման փաստաթուղթ հետագայում կարող է դառնալ ավելի մեծ իրավական կամ քաղաքական գործընթացի մաս։
Արցախցիների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է հրաժարվել այն մոտեցումից, ըստ որի՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն մեկ քաղաքական ճակատով և նույն մեթոդներով։
Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը պահանջում է մեկ տեսակի գործիքակազմ՝ բանակցություն, առաջարկություններ, մասնագիտական աշխատանք և հետևողական կապեր։
Ատելության խոսքի դեմ պայքարը պահանջում է մեկ այլ գործիքակազմ՝ փաստագրում, իրավական գործընթացներ, հանրային վերահսկողություն և միջազգային իրավական մեխանիզմների օգտագործում։
Իսկ Ադրբեջանի դեմ պայքարը պահանջում է երրորդ՝ առավել երկարաժամկետ և միջազգային բնույթ ունեցող աշխատանք՝ իրավական, դիվանագիտական, խորհրդարանական։
Այս բաժանումը ոչ թե Արցախի օրակարգը մասնատելու, այլ այն արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն է։
Սեպտեմբերի 23-ի ԱԺ հանձնաժողովի քննարկումը ցույց տվեց, որ Արցախի թեման Հայաստանում շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն և բարդ հարց։ Բայց այդ բարդությունը չպետք է մեզ ստիպի հրաժարվել արցախցիների խնդիրների լուծման աշխատանքից։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է ավելի ճշգրիտ ընտրել գործիքները։
Հայաստանում ապրող արցախցիների առօրյա խնդիրների լուծման համար պետք է աշխատել Հայաստանի պետական համակարգի հետ՝ հնարավորինս պրագմատիկ, մասնագիտական և քիչ քաղաքականացված ձևով։ Հայաստանի ներսում ատելության և խտրականության դրսևորումների դեմ պետք է պայքարել իրավական և հանրային մեխանիզմներով։ Իսկ Ադրբեջանի կողմից խախտված իրավունքների համար պայքարը պետք է կառուցել միջազգային, իրավական և դիվանագիտական հարթություններում։
Միաժամանակ պետք չէ թույլ տալ, որ Հայաստանի իշխանությունների՝ Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ ունեցած վերաբերմունքը վերածվի արցախցիների իրավունքների օրակարգից հրաժարվելու պատճառի։
Արցախի պետական կարգավիճակի, պատմության կամ քաղաքական գնահատականների շուրջ կարող են լինել տարբեր դիրքորոշումներ։ Բայց արցախցիների սոցիալական, տնտեսական, քաղաքացիական և միջազգային իրավական իրավունքները դրանից չեն վերանում։ Հետևաբար այսօր անհրաժեշտ է ոչ այնքան բարձրաձայնել ամեն ինչի մասին միաժամանակ, որքան ճիշտ հասկանալ՝ որ հարցը որտեղ է լուծվում, ով է դրա հասցեատերը և ինչ գործիքով կարելի է հասնել արդյունքի։
Արցախցիների իրավունքների պաշտպանությունը երկարատև պայքար է։ Այն հաղթելու համար անհրաժեշտ է ոչ միայն հաստատակամություն, այլև սառնասրտություն, մասնագիտացում և ճիշտ ընտրված մարտավարություն։
Հայկ Խանումյան