
Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ և Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր», հարգելով Արցախի օկուպացման համար զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը։ Էրդողանը նաև հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»։
Էրդողանի հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի խորհրդարանը պաշտոնապես մեղադրեց Թուրքիային Բաքվի դեմ հիբրիդային հարձակում իրականացնելու մեջ, որը, ենթադրաբար, թիրախավորում էր Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամությունը։
Ալիևը 2020 թվականին Իսրայելի և Թուրքիայի օգնությամբ օկուպացրեց Արցախի մեծ մասը, այդ թվում՝ Իրանին սահմանակից տարածքները, իսկ 2023-ին էթնիկ զտում իրականացրեց և հայաթափեց ամբողջ Արցախը։ Հենց Արցախը դատարկվեց, Իսրայելը՝ Համասի հարձակումից հետո, դաժան պատերազմ սկսեց Պաղեստինում։
Իսկ 2025-ից սկսած և մինչ օրս շարունակվող Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո Ալիևը շատ դժվարին վիճակում հայտնվեց։ Ըստ “տրամաբանության”, այն պետք է Արցախի օկուպացված տարածքներից “երկրորդ ճակատ” բացեր Իրանի դեմ, եթե հաջողվեր տապալել իշխանությունը Թեհրանում։ Սակայն Իրանը դիմացավ, և խաղից դուրս հայտնվեց Իսրայելը։ Այդ ֆոնին Մերձավոր Արևելքում գերիշխանության համար Էրդողանի և Նեթանյահուի միջև պայքարը վերածվեց անհաշտ մրցակցության, և Ալիևը հայտնվեց երեք կրակի արանքում։
Ադրբեջանական պատվիրակությունը մնացել է դահլիճում Նեթանյահուի ՄԱԿ-ում ելույթի ժամանակ՝ դժգոհության ալիք առաջացնելով թուրքական շրջանակներում։ «Հավանաբար սա է, որ վրդովեցնում է Ադրբեջանին, որը տառապում է «ալբանացումից», – գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Միլլի Մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հանձնաժողովը ուսումնասիրել է վերջին օրերին Թուրքիայի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված տեղեկատվական արշավը, ասվում է Բաքվի հայտարարույան մեջ։
«Արշավն իրականացվում է համակարգված եղանակով՝ օգտագործելով թիրախային գովազդ և իրական ու կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ։ Ցավոք, ադրբեջանական և թուրքական հասարակություններում, որոնք միշտ հետևել են «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, որոշ անհատներ ընկել են այս նենգ արշավի հետևից։ Եվ չնայած նման գործողությունները ենթադրում են իրավական պատասխանատվություն թուրքական օրենսդրության համաձայն, արշավը շարունակվում է։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի քաղաքացիներին և մեր եղբայրներին Թուրքիայում զգոն լինել և չընկնել ապատեղեկատվության հետևից», – ասվում է հայտարարության մեջ։
Հետաքրքիր է, որ Էրդողանը Նախիջևանը չի անվանել «ադրբեջանական հող», չնայած Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հիշատակել է այն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ, իսկ Հայաստանում Իրանի դեսպանը դա արել է Երևանում՝ «պահանջելով» Նախիջևանի բացումը։