
Այսօր Բաքվի բանտերում է գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը. այդ մարդիկ այնտեղ են հայտնվել միայն ու միայն արցախցիներին ներկայացնելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28–ին, արցախցիների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
«Գիտեք, որ առաջիկայում նաև վերցնելու են Արցախի ներկայացուցչության շենքը, ինչը վերջին շրջանում ծառայում է որպես արցախցիների համար ապաստարան»,– հայտարարեց նա։
Իսկանդարյանը նկատեց, որ Ասկերանի մոտ բենզինի պահեստի հետևանքով զոհված արցախցիները այսօր որևէ կարգավիճակ չունեն. «Առաջին ատյանի դատարանի որոշմամբ բենզինի պահեստի դեպքը տեղի է ունեցել ռազմական գործողության հետևանքով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունները դիտավորյալ կարող քաղաքական կամք չեն դրսևորում և այդ մարդկանց կարգավիճակի հարցը չեն լուծում»,–ասաց նա։
Սկսած 2018 թվականից Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշման մեջ Արցախի նկատմամբ տեղի է ունեցել արմատական փոփոխություն: Այս մասին քննարկման ժամանակ նշեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը անընդունելի է մեր բոլորիս համար։ Իշխանության քաղաքական խոսույթում արցախյան շարժումը և Արցախի հարցի նախկին ընկալումը հաճախ ներկայացնում են որպես անցյալի քաղաքականության մաս, ազգային անվտանգության սպառնալիք, որից Հայաստանը պետք է հրաժարվի։ Եվ այստեղ մենք պարտավոր ենք քաղաքական հարց բարձրացնել՝ որտե՞ղ է այսօրվա Արցախի ժողովուրդը Հայաստանի քաղաքական օրակարգում, որտե՞ղ է նրա քաղաքական ձայնը, ինչպե՞ս պետք է գործեն արցախահայության իրավունքները պաշտպանող Արցախի պետական ինստիտուտները։ Արդյո՞ք խաղաղության օրակարգը պետք է նշանակի Արցախի ժողովրդի իրավունքների օրակարգից հրաժարում։
Մենք չենք կարող հակադրել խաղաղությունը Արցախի և արցախցիների իրավունքներին։ Խաղաղությունը, տարածաշրջանային կայունությունը, Հայաստանի անվտանգության ապահովումը մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր են, բայց խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական և քաղաքական հիշողության վերացման, ժողովրդի իրավունքների լռեցման կամ բռնի տեղահանված մարդկանց խնդիրները միայն սոցիալական հարցերի վերածելու միջոցով։
Արցախահայությունը այսօր Հայաստանում է, բայց նրա քաղաքական հարցը դրանով չի վերացել։ Մենք պետք է պատասխանենք նաև մեկ այլ կարևոր հարցի. եթե Հայաստանի իշխանությունները որոշել են Արցախի հարցը հանել իրենց քաղաքական օրակարգից, ո՞վ է ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Արդյո՞ք մենք իրավունք ունենք այդ հարցը թողնելու քաղաքական վակուումի մեջ։ Իմ համոզմամբ ոչ»,– հայտարարեց նա։
«Ինչպիսի քաղաքական և իրավական կարգավիճակ պետք է ունենա Արցախի ժողովրդի հարցը, ինչպես պետք է պահպանվի Արցախի ժողովրդի քաղաքական սուբյեկտայնությունը, ինչպես պետք է շարունակվի վերադարձի իրավունքի միջազգային պաշտպանության հարցը, ինչպես պետք է պաշտպանվի արցախահայության սեփականության և այլ իրավունքներ։ Ինչպե՞ս պետք է Արցախի հարցը ներկայացվի միջազգային խորհրդարանական և քաղաքական հարթակներում։ Եվ վերջապես, ի՞նչ ենք մենք առաջարկում առաջիկա 3-5 տարիների համար։ Կարծում եմ՝ սա է այսօրվա քննարկման իրական իմաստը»,– ընդգծեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա առաջարկեց պատասխանել երեք հարցի. «Առաջինը, ո՞րն է Արցախի քաղաքական օրակարգի առանցքը։ Երկրորդ, ինչպես պետք է պահպանել Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները։ Երրորդ, ի՞նչ կոնկրետ քայլ պետք է իրականացվի առաջին մեկ տարվա ընթացքում։
Եթե նման ձևաչափով մեր առաջին հանդիպմանը կարողանանք այս երեք հարցերի շուրջ ունենալ հստակ պատասխաններ, ապա այսօրվա հանդիպումը կդառնա ոչ թե հերթական քննարկում, այլ քաղաքական գործընթացի սկիզբ։ Երեք տարի անց մեր պարտքն է ոչ միայն արձանագրել Արցախի կորստի հետևանքները, այլև թույլ չտալ, որ Արցախի ժողովրդի քաղաքական ձայնը կորի այդ կորստի մեջ։ Մենք պետք է կարողանանք ունենալ այնպիսի ծրագիր, այս հարցերի այնպիսի պատասխաններ, որ կարողանանք առաջ շարժվել, այլ ոչ թե տրվել օրվա իշխանությունների սադրանքներին, թե իբր Արցախի հարցը վտանգ է Հայաստանի Հանրապետության համար»,– հայտարարեց Դավիթ Գալստյանը։
2023–ի սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում 25 քաղաքացիական անձ. սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ վառելիքի պահեստի պայթյունը, դրա հետևանքով զոհվեց 218 մարդ, վիրավորվեց 120-ը և 22 անձանց ճակատագիրը առ այսօր շարունակում է մնալ անհայտ։ Այս մասին քննարկման ժամանակ նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«2023 թվականի սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխվեց ավելի քան 115000 արցախահայ։ Այսօր՝ երեք տարի անց, մենք արդեն պետք է այլ հարց տանք. ոչ թե միայն որտեղ տեղավորել բռնի տեղահանվածներին, այլ ի՞նչ կյանք ենք նրանց համար ստեղծել երեք տարի անց։
ՀՀ կառավարության բնակարանային աջակցության գործող ծրագրի շրջանակում 2026–ի մայիսի 19-ի դրությամբ մոտ 30 հազար բռնի տեղահանված ընտանիքից, միայն 6193 ընտանիք է ստացել հավաստագիր, որից ըստ պաշտոնական տվյալների, իրացրել են այդ հավաստագրերը 2857 ընտանիք։ Սա նշանակում է, որ բնակարանային խնդրի լուծման գործընթացը գրեթե անիրագործելի է։ Եթե երեք տարի անց դեռևս հազարավոր ընտանիքներ գտնվում են բնակարանային լուծման գործընթացում, ապա արդյոք մենք գործ ունենք ժամանակավոր սոցիալական աջակցության ծրագրի, թե արդեն երկարաժամկետ պետական քաղաքականության անհրաժեշտության հետ։
Կառավարություն այսօր նաև առաջարկում է որոշ խմբերի համար երկարաժամկետ վարձակալության աջակցության մեխանիզմ՝ 10 տարի ժամկետով և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40000 դրամի չափով։ Որևէ մեկը առ այսօր չի դիմել այս ծրագրից օգտվելու համար, սա նշանակում է որ սա աբսուրդ, զավեշտալի ու անիրականանալի ծրագիր է։
Մարդուն տուն տալը իհարկե կարևոր է, բայց մարդը պետք է ունենա աշխատանք, եկամուտ և սեփական ապագան կառուցելու հնարավորություն։ 2025–ի մարտի 26-ի դրությամբ Հայաստանում շուրջ 25 000 բռնի տեղահանված անձ աշխատում է։ Ի դեպ, 2024–ին իրականացված հետազոտության համաձայն բռնի տեղահանվածների շրջանում աշխատանք ունեցողների միայն 60% ն էր գտնվում ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ, իսկ մյուսները աշխատում էին առանց գրավոր պայմանագրի»։
Մետաքսե Հակոբյանը նաև քաղաքական հարցերի անդրադարձավ. «Խաղաղությունը և Արցախի ժողովրդի իրավունքները չպետք է հակադրվեն երբևէ իրար։ ՀՀ–ն կարող է ունենալ և բնականաբար պետք է ունենա իր պետական օրակարգը, բայց Արցախի ժողովուրդը նույնպես ունի իր իրավունքները, շահեր, ինչպես նաև իր քաղաքական ձայնը, և եթե այդ ձայնը այսօր չհնչի, չներկայացվի, ապա կա վտանգ, որ ժամանակի ընթացքում Արցախի հարցը կվերածվի միայն պատմական հիշողության։
Պետք է ոչ միայն արձանագրել տեղի ունեցածը, այլև պետք է ձևավորել և պահպանել Արցախի ժողովրդի քաղաքական օրակարգը։ Այդ օրակարգի հիմքում պետք է լինեն առնվազն հինգ ուղղություններ: Առաջին Արցախի ժողովրդի քաղաքական ներկայացվածության պահպանումը, երկրորդը վերադարձի իր իրավունքի քաղաքական և միջազգային օրակարգի պահպանումը, երրորդ Արցախի ժողովրդի սեփականության և այլ իրավունքների միջազգային պաշտպանության շարունակականությունը, չորրորդը՝ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցի հետևողական բարձրացումը, և հինգերորդը՝ Հայաստանում արցախահայության արժանապատիվ կայուն և ինքնուրույն կյանքի ապահովումը»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված նոր ճնշումներին, ասաց. «Ադրբեջանը սկսել է դա անել վերջին մի երկու-երեք շաբաթում, որովհետև տեսնում է, որ Հայաստանում կա դիմադրություն, կան օջախներ, որոնց Ադրբեջանը համարում է ռևանշիստներ։ Ինչքան այս դիմադրությունը մենք կարողանանք կազմակերպել, ուժեղացնել, այնքան Ադրբեջանի հետ հարաբերություններում կունենանք խոսելու տեղ։
Այսօր առաջնային, գլխավոր հարցը Արցախի քաղաքական ներկայության ապահովումն է։ Եթե մենք այդ հարցը չենք լուծում, չենք ունենում քաղաքական ներկայություն, պետական ինստիտուտները ինչ-որ ֆորմատով չենք պահպանում, մյուս հարցերի հետապնդումը դառնում է զրույց»։