
Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին։
«Երկուշաբթի օրվա դրությամբ ունենք ստացած 8563 սերտիֆիկատ, որից իրացվել են 4911-ը։ Մոտավորապես 100-ով ամեն շաբաթ ավելանում է սերտիֆիկատների թիվը, վերջին մեկ շաբաթվա ընթացքում 120-ով ավելացել է։ Նույնը վերաբերում է իրացումներին, այսինքն՝ ստացված սերտիֆիկատները եւ իրացված սերտիֆիկատներն ամենօրյա ռեժիմով աճում են։ Եվ մենք հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, ում ծրագրով հասնում է այս սերտիֆիկատը, կստանան ու կիրացնեն այն»,- ասաց Թորոսյանը։
Հարցին, թե հիմնականում որ մարզերում են արցախցիները բնակարաններ գնում, Արսեն Թորոսյանը պատասխանեց․ «Մենք տարվա սկզբին ավելացրեցինք Երեւանի հարակից համայնքների սերտիֆիկատի գումարը՝ 3 մլն-ից այն դարձնելով 4 մլն։ Այսինքն՝ բացի Երեւանից Հայաստանի շատ համայնքներում սերտիֆիկատի գինը 4 մլն է եւ սահմանամերձ համայնքներում՝ 5 մլն։ Այսինքն՝ կա նաեւ հնարավորություն 5 մլն-ով գնելու։ Սա ասում եմ՝ ի պատասխան այն հարցերի, որ հաճախ փոքրաթիվ ընտանիքները չեն կարողանում տուն գնել։ Բայց կան համայնքներ, որտեղ նույնիսկ 2 հոգանոց ընտանիքը կամ 3 հոգանոց ընտանիքը 10 կամ 15 մլն դրամով հաստատ կարող է ձեռք բերել կամ կառուցել տուն։ Ի ապացույց դրա՝ մեր 16 մլն-նների ծրագրն է, որովհետեւ մենք 16 մլն դրամով նմանատիպ համայնքներում թույլ ենք տալիս տուն կառուցել»։