Քննարկվել է Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից տուժածների կարգավիճակը

Ազգային ժողովում այսօր արցախցիների խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ արցախցի Արա Ավետյանն անդրադարձավ հարցին, որ 2023 թվականին Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունը պատահական դժբախտ պատահար չէր։

«Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունենում, գուցե ինֆորմացիաի պակասից է, գուցե ձեր չտեղեկացված լինելուց է, դա եղել է սպանդ, ժողովուրդ։ Մենք այսօր չենք խոսում պատճառների մասին, որովհետեւ իմացող մարդիկ գիտեն, թե ինչ է նշանակում զինվորական պահեստ, ինքը բավականաչափ ապահովված է այդ պայթյուններից եւ այլն։ Իրեն լուցիկով պայթեցնելը այդպես հեշտ չէ»,- ասաց նա։ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը թույլ չտվեց, որ արցախցին շարունակեր այս թեման, ընդհատեց նրան՝ հորդորելով բուն խնդրի մասին խոսել։

Արա Ավետյանն ասաց, որ իրենց ակնկալիքն է, որ պայթյունի հետեւանքով զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին կարգավիճակ տան, իրենց կարգավիճակը հավասարեցնեն պատերազմի հետեւանքով զոհերի կարգավիճակին։

Արցախից բռնի տեղահանված Ալյոնա Գրիգորյանը, ում ամուսինը պայթյունի հետեւանքով զոհվել է, նույնպես բարձրացրեց այս ընտանիքներին կարգավիճակ տալու հարցը։

«Պայթյունից անցել է երեք տարի, բայց այսօր, ցավոք սրտի, կառավարության կողից ոչ մի որոշում չի ընդունվել այս զոհերի ու անհետ կորածների վերաբերյալ, ինչը ցավ պատճառելու չափ վիրավորական է։ Չգիտեմ ինչու՝ 219 զոհված եւ 22 անհետ կորած մարդկանց մասին ոչ ոք չի խոսում, այդ ընտանիքների մասին չեն խոսում։ Մենք մեր միջոցներով տասնյակ նամակներ ենք հղել տարբեր պատկան մարմինների, անձամբ հանդիպումներ ենք ունեցել, ես ինքս նամակներ եմ հղել կառավարության ներկայացուցիչներին, բայց հիմնականում անպատասխան են եղել, իսկ պատասխանները հիմնականում եղել են խուսափողական կամ լավագույն դեպքում ասել են, որ հարցը քննարկման մեջ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս ընտանիքները ոչ թե ծանր, ծայրահեղ ծանր վիճակի մեջ են գտնվում։ Մեզ միեւնույն հարթության վրա են դրել սովորական ընտանիքների հետ, որոնք փառք Աստծո զոհեր չեն ունեցել։ Այսինքն՝ մենք լրիվությամբ դուրս ենք մնացել։ Չգիտենք՝ ինչո՞ւ են առ այսօր ձգձգում կարգավիճակի հարցը, պարզապես չի քննարկվում, չկա մարդ, չկա պրոբլեմ եզրույթն այս պարագայում չի գործում, որովհետեւ այդ ընտանիքների խնդիրները եռապատվել ու քառապատկվել են»,- նշեց Ալյոնա Գրիգորյանը։

Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն ի պատասխան նշեց, որ ասաց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք օրենքով ստացել են զոհվածի կարգավիճակ, ստանում են կերակրողին կորցնողի նպաստ։

«Անհայտ կորածների մասով ունենք խնդիր, որոնք պետք է որեւէ իրավական կարգավիճակ ստանան, որպեսզի նորից ստանան կերակրողին կորցնելու նպաստ, ինչպես նաեւ այդ դեպքից հետո եղել է որոշակի փոխհատուցում կառավարության կողմից։ Ես լավ չեմ հասկանում, երբ դուք ասում եք՝ անտեսված ենք կամ կարգավիճակ չունենք կամ գտնվում ենք նույն հարթության մեջ, ինչպես մյուս հայրենակիցները։ Այն հայրենակցիները, որոնք ունեն զոհեր իրենց ընտանիքներում, այս կամ այն փոխհատուցումը ստանում են։ Նայած ինչ տեսակի զոհ է, ինչ հանգամանքներում, որովհետեւ օրենսդրությունն այդպիսին է։ Կոնկրետ պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներից շատերը՝ կախված ընտանիքի կազմից եւ կախված զոված անձից, ստանում են կերակրողին կորցնելու նպաստ, կարող եմ նույնիսկ թվերն ասել։ Որոշ քաղաքացիներ չեն ստանում, որոնց ընտանիքի անդամները համարվում են անհետ կորած, եւ իրենք իրավական կարգավիճակով չեն հաստատում իրենց հարազատի կարգավիճակը։ Եթե դա էլ հաստատվի, իրենք էլ կստանան կերակրողին ստանալու նպաստները, եթե չեմ սխալվում՝ մոտվորապես 190 հոգի ստանում է»,- ասաց Թորոսյանը։

Ալյոնա Գրիգորյանը նշեց․ «Այսինքն՝ ստացվում է այնպես, որ պայթյունի հետեւանով զոհված այս ընտանիքները ոչ մի կարգավիճակ չեն ստանալո՞ւ՝ հատուկ կարգավիճակ։ Այսինքն՝ ինչ գործում է կերակրողին կորցրածի համար, նույնն էլ գործում է այս ընտանիքների համար։ Տեսեք՝ պայթյունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում դեռեւս 1992 թվականի օգոստոսի 12-ից գործող ռազմական դրության պայմաններում։ Մինչեւ 2005 թվական ռազմական դրությունը երկարաձգվում էր, 2005 թվականից անժամկետ էին ընդունել։ Երկրորդը, կա վերաքննիչ դատարանի որոշում կա, որ պայթյունը համարվել է ռազմական գործողությունների հետեւանք։ Երրորդը, պայթյունը տեղի է ունեցել Պաշտպանության բանակի ենթակայության տակ գտնվող զորամասում, որը գտնվում է ՀՀ Պաշտպանության նախարարության բալանսի տակ։ Այսինքն՝ այս հանգամանքները հի՞մք չեն, որպեզի այս մարդկանց համար հատուկ կարգավիճակ ստրվի»։ Նա ասաց, որ զոհերի թվում կան մարդիկ, որոնք ծառայել են բանակում, բանակաշինության ակունքներում են եղել։ Ըստ Ալյոնա Գրիգորյանի՝ զոհերի թվում 78 հոգի եղել են բանակի եւ այլ ուժային կառույցների ծառայողներ։

Կառավարության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ ՊՆ-ի հետ այս հարցը բազմիցս քննարկել են, խոսքն այս անձանց կարգավիճակը մարտական գործողություններին մասնակցած անձանց կարգավիճակին հավասարեցնելու մասին է։ Եվ այս հարցում որոշում կայացնողը Պաշտպանության նախարարությունն է։