
Թուրքական «Դալտոնս» հանցավոր խումբը, որը զբաղվել է շորթմամբ, զենքի ապօրինի առևտրով և պատվիրված սպանություններով, այդ թվում՝ Գերմանիայում, կարող է ներգրավված լինել Լեհաստանում Starlink արբանյակային կապի գետնային կայանի վրա տեղի ունեցած հրկիզման մեջ։ Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին, հայտնել է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով տարբեր երկրների աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, հոկտեմբերի 12-ին Գերմանիայի Նյուրտինգեն քաղաքում հրկիզման հետաքննության շրջանակներում ձերբակալված երկու Թուրքիայի քաղաքացիներ են՝ 38-ամյա Ումիթ Է.-ն և 34-ամյա Մուսլյում Թ.-ն։ Իրավապահ մարմինների մի քանի ներկայացուցիչներ Der Spiegel-ին հայտնել են, որ տղամարդիկ կամ պատկանում են «Դալտոնս» խմբին, կամ կատարում էին դրա անդամների հրամանները։ Շտուտգարտի Բարձրագույն շրջանային դատարանը շուտով որոշում կկայացնի ձերբակալված Թուրքիայի քաղաքացիների Լեհաստան արտահանձնման վերաբերյալ։
Հրապարակումը նշում է, որ խումբն ինքը, հնարավոր է, գործել է ռուսական հետախուզական գործակալությունների հրահանգներով։
Վերջերս Բաքվում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Մոսկվան և Անկարան ավելի ու ավելի են ցուցադրում իրենց սերտ կապերը։ Թուրքիան և Ռուսաստանը իրենց համարում են Երկրորդ Հռոմի՝ Բյուզանդիայի ժառանգորդներ՝ հասկանալով, որ միայն համագործակցության միջոցով կարող են պահպանել իրենց ամբողջականությունը։ Դրա մասին է վկայում ոչ միայն 2020 թվականի պատերազմից հետո Արցախի Ակնայում ստեղծված ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը, այլև մինչ օրս գործող 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը։ Թուրքիայի և Բաքվի, ինչպես նաև Ռուսաստանի և Երևանի միջև հակամարտությունը կապված է այս պայմանագրի անորոշ կարգավիճակի հետ։ Ռուս-թուրքական կապերը դեռևս չեն «բացահայտվել» Արևմուտքում, սակայն Լեհաստանում Starlink-ի մասին տեղեկատվությունը կարող է լինել դրա առաջին նշանը։