
Այսօր ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը կրկին կմեկնի Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Նրա այցը կկայանա Օսլոյում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից մեկ օր անց, որտեղ Ուկրաինայի նախագահը Վիտկոֆին բերեց նոր առաջարկներ՝ Ռուսաստանի իշխանություններին փոխանցելու համար։
Երեքշաբթի օրը Զելենսկին Օսլոյում բանակցություններ է վարել Վիտկոֆի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: Թրամփի մեկ այլ հատուկ դեսպանորդ՝ նրա փեսա Ջարեդ Քուշները միացել է գագաթնաժողովին տեսակապի միջոցով։
«Մենք ունենք խաղաղության հասնելու վերաբերյալ որոշակի հստակ գաղափարներ: Մենք միավորված ենք մեր եվրոպացի գործընկերների հետ այս ջանքերում», – ասել է Զելենսկին Օսլոյում բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում: «Կցանկանայինք, որ ամերիկացիները այս գաղափարները հասցնեն ռուսներին»։
«Այսօր մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգությանը, հետպատերազմյան բարգավաճման ծրագրին, տարածքներին և պատժամիջոցներին, ինչպես նաև եվրոպական անվտանգության ավելի լայն ճարտարապետությանը վերաբերող հարցեր», ասել է Զելենսկին։
Նա հավելեց, որ շարունակում է ձգտել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման, որտեղ, իր կարծիքով, կարող են քննարկվել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային հարցերը։ Կրեմլը բազմիցս հայտարարել է, որ Պուտինը կարող է Զելենսկու հետ հանդիպել միայն Մոսկվայում, սակայն Ուկրաինան մերժում է այս առաջարկը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Զելենսկին և Պուտինը պետք է անձամբ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, Թրամփը պատասխանել է. «Չգիտեմ։ Կարծում եմ՝ նույնիսկ պարտադիր չէ, որ նրանք նույն սենյակում լինեն և կարող են դա անել այլ կերպ։ Նրանց համար դժվար է նույն սենյակում լինել։ Ինձ համար միևնույն է, թե ինչպես դա կարվի»։
Ավելին, ԱՄՆ նախագահը կրկնել է իր խոսքերը այն մասին, որ Ուկրաինան պետք է համաձայնվի պատերազմը դադարեցնելու համար իրեն առաջարկվող պայմաններին։ «Նա (Զելենսկին – խմբ.) պետք է պատրաստ լինի գործարք կնքել, քանի որ կարծում եմ, որ իր ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ հավելելով, որ ամերիկացի հարկատուները նույնպես հոգնել են։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Եվրամիության երկրները նույնպես հոգնել են Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունից։
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չցանկանա, «դա կհանգեցնի շատ վատ հետևանքների», – զգուշացրել է ամերիկացի առաջնորդը։ Ամերիկացի նախագահը Ռուսաստանին համեմատել է «մեծ մեքենայի» հետ, որը «շարունակում է անդադար առաջ շարժվել»։
Նա նաև հայտարարեց, որ ռազմաճակատում կրած ծանր կորուստներին չնայած՝ Ռուսաստանն ունի «անսահմանափակ քանակությամբ մարդիկ», ինչը թույլ է տալիս իր զորքերին շարունակել հարձակումը։
ԱՄՆ նախագահը ակնարկեց ռուսական լայնածավալ ներխուժման սկզբի մասին՝ կարծիք հայտնելով, որ 1000 տանկերից բաղկացած ռուսական շարասյունը կարող է հասնել Կիև բետոնե մայրուղով չորս ժամում մոտ 77 կմ/ժ առավելագույն արագությամբ և մեկ օրում ավարտել պատերազմը։ Սակայն, ըստ Թրամփի, անանուն ռուս գեներալը սխալ է թույլ տվել՝ մայրուղուց շեղվելով գյուղատնտեսական հողեր, ինչի արդյունքում «ծանր տեխնիկան խրվել է ցեխի մեջ»։
Օսլոյում կայացած մամուլի ասուլիսում Զելենսկին հայտարարել է ռուսական էներգետիկ ակտիվներին, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններին հարվածելուց զերծ մնալու իր պատրաստակամության մասին։ Սակայն նա ընդգծել է, որ դա չի անի միակողմանիորեն, այլ միայն այն պայմանով, որ Ռուսաստանը նմանատիպ գործողություններ ձեռնարկի։ Նա հավելել է, որ ինքը և Վիտկոֆը քննարկել են անվտանգության երաշխիքները՝ «որոնք նման կլինեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի սկզբունքի»՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում։
Ռուսաստանը կուսումնասիրի ամերիկացի բանակցողների առաջարկները Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն Մոսկվայից քաղաքական զիջումներ չեն սպասվում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։