Մերցը շնորհակալություն հայտնեց թուրքերին Գերմանիա գաղթի համար և հիշեց հրեաներին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Թուրքիայից միգրացիան անվանել է «հաջողության պատմություն» և շնորհակալություն հայտնել թուրք աշխատավորներին «գերմանական արդյունաբերության զարգացման մեջ ունեցած ավանդի» համար։ Նա երեքշաբթի ելույթ է ունեցել ԳՖՀ-ում թուրք աշխատողների ներգրավման մասին համաձայնագրի 65-ամյակին նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է dpa գործակալությունը։

«Թուրք աշխատավորները՝ թե կանայք, թե տղամարդիկ, օգնել են ստեղծել մեր երկրի արդյունաբերական հիմքը»,- հայտարարել է Մերցը։

Ըստ նրա՝ 1960-ականներին, 1970-ականներին և 1980-ականներին գերմանացիների և թուրքերի հանդիպումներն « երկու հասարակություններին օգնել են դառնալ ավելի ժամանակակից, բաց և հանդուրժող»։ Թուրքիայից միգրացիայի շնորհիվ Գերմանիան «ավելի հարուստ է դարձել մշակութային, տնտեսական, գիտական և խոհարարական առումներով», հավելել է կանցլերը։

Մերցն ընդգծել է, որ Գերմանիա ժամանողներից իրավամբ կարելի է ակնկալել ժողովրդավարական նորմերի պահպանում, այդ թվում՝ տղամարդկանց և կանանց հավասար իրավունքներ և պատասխանատվություն հրեա ժողովրդի առաջ։ Միևնույն ժամանակ հասարակության մեջ ինտեգրված մարդիկ պետք է ունենան հավասար հնարավորություններ և իրենց զգան դրա մի մասը։ Սակայն նույնիսկ բոլոր ջանքերի պարագայում շատերը շարունակում են բախվել իրենց նկատմամբ որպես օտարների վերաբերմունքի։ «Օտարների հանդեպ վախը թույն է ցանկացած ազատ հասարակության համար»,- հայտարարել է կանցլերը։

Մերցը նաև հիշեցրել է Մյոլնոյում, Զոլինգենում և Հանաուում տեղի ունեցած ռասիստական հարձակումների մասին և «ռեմիգրացիա» բառն անվանել անընդունելի։ Ըստ նրա՝ այդ եզրույթի հետևում կանգնած է «ժամանակակից Գերմանիան խարխլելու փորձը, որը երկրի բնակիչները համատեղ կառուցել են վերջին 65 տարիների ընթացքում»։

ԳՖՀ կանցլերը հավելել է, որ Գերմանիան նախկինի պես շարունակում է արտասահմանից որակյալ աշխատողների կարիք ունենալ։

Մերցի հայտարարությունը հնչում է եվրոպական երկրներում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Իտալիայում բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին, որտեղ անկարգությունները կապված են միգրանտների հետ։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ միգրացիան կործանում է Եվրոպան։ Մեկ այլ գործոն է Գերմանիայում աջակողմյան տրամադրությունների աճը, որը 20-րդ դարում հանգեցրեց երկու համաշխարհային պատերազմների։ Հատկանշական է նաև, որ Մերցը թուրքերի հետ զրույցում հիշատակել է պատասխանատվությունը հրեա ժողովրդի առջև, չնայած Թուրքիան ներկայումս մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանության մեջ։