
Step1.am-ի հարցերին պատասխանել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը։
-Տիկին Կոստանյան, Արցախի իշխանությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել հայաստանյան քաղաքական ուժերի հետ՝ փորձելով հասկանալ, թե Արցախի պետական ինստիտուտների պահանության հարցեում ինչ տեսակետներ կան։ «ՀայաՔվե»-ն առաջիններից մեկն է արձագանքել և մասնակցել այդ քննարկումներին։ Որքանո՞վ եք կարևոր համարում համախմբումն այս հարցում։
-Եթե նկատի ունեք հանրային-հասարակական, քաղաքական գործիչների, նախկին-ներկա ընդդիմադիր պատգամավորների հետ անցկացված խորհրդակցությունները, դրական եմ գնահատում, քանզի այս տեսակ նախաձեռնություններով ցույց ենք տալիս Արցախի ինստիտուտների պահպանության անհրաժեշտությունը։ Դրանք առաջին հերթին կարևոր են՝ ցույց տալու, որ արցախյան հիմնահարցը չի փակվել և չի կարող ուժով փակված համարվել։ Սրա մասին նաև խոսում են միջազգային իրավական տարբեր կազմակերպություններ, եվրոպական պետություններ, դրանց կառավարություններ ու նաև հանրային գործունեությամբ, իրավունքների պաշտպանության զբաղվող անհատներ ու կազմակերպություններ։
Որքանո՞վ հնարավոր կլինի դա Հայաստանում ավելի մասշտաբային ձևով իրականացնել, մի քիչ բարդ է ասել։ Մենք գիտենք, որ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը հակառակն է տանում, այսինքն՝ բոլոր տեսակի նախաձեռնությունները, որոնք սկսվում և ավարտվում է Արցախ բառով և բառի շուրջ, իրենք կասեցնում են՝ այս փուլում դեռևս փափուկ, աննկատ ձևով, բայց իմ կարծիքով՝ շատ մոտ ապագայում դա ավելի ուժեղ ռեպրեսիվ մեթոդներով են իրականացնելու։ Դրա համար հանրային կոնսոլիդացիան, հատկապես Արցախի, արցախցիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող նախաձեռնությունների շուրջ ավելի ամուր ընդգծված ձևով պետք է իրականացնել։
Երբեմն, իհարկե, տպավորություն է ստեղծում, որ մարդիկ, ինչո՞ւ ոչ, նաև հասարակական, քաղաքական գործիչները հուսալքվում են կամ որոշներն էլ առաջնահերթություն չեն տալիս, համարելով, որ դա այս փուլում առաջնահերթություն չէ, քանզի մենք ունենք Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական մարտահրավերներ, բայց դա այդպես չէ։ Իմ խորին համոզմամբ՝ Արցախի հիմնահարցը և արցախցիների տարատեսակ իրավունքների շուրջ պաշտպանությունն ուղիղ համեմատական է Հայաստանի ապագայի և Հայաստանի գոյությանն ու չգոյությանը։ Դրա համար այդ երկու բաղադրիչը պետք է զուգահեռել, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքական տարբեր նախաձեռնություններում։
Ինչ վերաբերում է «ՀայաՔվե»-ին, «ՀայաՔվե»-ի արտաքին քաղաքական հարցերով զբաղվող բլոկը, որը փաստացի այս պահին ես եմ ղեկավարում, շատ ակտիվ գործունեություն է ծավալում եվրոպական գործընկերների հետ, Եվրապառլամենտի մեկ ֆրակցիայի հետ, որը բաղկացած է 87 պատգամավորներից։ Ինչպես նաև աշխատանք է տարվում Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների հետ։ Նիդերլանդների հետ այս պահին ավելի պասիվ, բայց Բելգիայի և Ֆրանսիայի հետ ավելի ինտենսիվ շփումներ կան, Արցախի իրավունքների հարցն էլ այդ շփումների առանցքում է գտնվում։ Այնպես որ, վստահաբար կարող եմ ասել, որ «ՀայաՔվե»-ն առաջնահերթություն է համարում Արցախի հարցը։
-«ՀայաՔվեն» նաև հստակ հայտարարել է, որ չի ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում։ Որքանո՞վ է կարևոր այս հարցն ընդգծելը ու դրա վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները հստակեցնելը։
-Դա ընդգծելը կարևոր է այնքանով, որ «ՀայաՔվե»-ն ստեղծվել է Արցախի հիմնախնդրի համար։ Եկեք հիշենք «ՀայաՔվե» ստորագրահավաքը 2023 թվականին։ Ճիշտ է, Արցախի աղետալի դեպքերից, էթնիկ զտման գործընթացից հետո երկրորդ փուլը չգնալը որոշ չափով պասիվացրեց աշխատանքը, բայց սկզբունքորեն հենց Արցախի հարցը, նաև ցեղասպանության ճանաչումն ուրացող կազմակերպություններին, անհատներին պատասխանատվության ենթարկելու հարցերը ուշադրության կենտրոնում են եղել։ Անպես որ, ես կարող եմ նաև համոզմունք հայտնել, որ «ՀայաՔվե» չի կարող և երբեք չի մերժի Արցախի հիմնախնդրով զբաղվելու հանձնառությունը։ Դա մեր առանցքային առաջնահերթ հարցերից մեկն է։
–Ստեղծված պայմաններում դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախի եւ արցախցիների իրավունքների հարցում ինչ-որ դրական լուծումների հասնելու ուղղությամբ։
-Բոլոր հնարավորությունները միշտ կան, այստեղ ամենակարևորը, թե որքանով ենք մենք պատրաստ՝ որպես հայեր, այդ հարցն առաջ տանելու նաև միջազգային հարթակներում։ Հնարավորությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առկա է, հատկապես այն պետությունների համար, որոնք իրենք իսկ տարածքային խնդիրներ ունեն իրենց հարևան երկրների կամ տարբեր ագրեսոր պետությունների հետ, խոսքը վերաբերում է, օրինակ, Կիպրոսին Թուրքիայի հետ ունեցած հարցերում, Արցախի հարցը կարևոր է։ Նաև տարբեր կազմակերպությունների և իրավական հարցերով զբաղվող հանձնառու խմբերի համար է այս հարցը կարևոր։ Հայ հանրության կողմից Արցախի հարցը փակելը պրոբլեմ կլինի՝ այն դարձնելով նախադեպ այն պետությունների, ազգերի, երկրների համար, ովքեր իրենք ունեն տարածքային կոնֆլիկտ և իրենք են կորցրել իրենց սեփական տարածքները, բնօրրանը ինչ-որ ժամանակահատվածում։ Սա դառնալու է նաև նախադեպ ագրեսոր պետությունների համար, ինչպես Ադրբեջանը՝ ուժով լուծելու բազմամյա կոնֆլիկտները, փակելու հարցը, մարդկանց 100 հազարներով տեղահանելու և հանգիստ ապրելու։
Այնպես որ, իմ կարծիքով՝ միջազգային տարատեսակ իրավապաշտպան, իրավական հարցեր առաջ մղող կառույցներն ու երկրները հիմար չեն և գիտակցում են դրա կարևորությունը, օրինակ՝ Շվեյցարիան ինտենսիվ զբաղվում է Արցախի հարցով, նաև արցախահայերի վերադարձի իրավունքները պաշտպանելով։ Սակայն այդ աջակցությունը նաև պետք է հայ հասարակության կողմից լինի, որպեսզի իրենք ամուր դիրքերից կարողանան հանդես գալ և կրճատեն այն ժամանակահատվածը, որը մեզ հնարավորություն կտա վերջնական իսկապես խաղաղ և հայերի համար բարենպաստ լուծումների հասնել։
-Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է այդ ամենից, այս դեպքում որքանո՞վ է հաջողության հասնելու հնարավորությունը։
-Իհարկե, իշխանությունը հրաժարվում է։ Երբեմն լինում են գործիչներ, որոնք ասում են՝ ամեն դեպքում պետք է նորից էլի նախաձեռնողականություն ցուցաբերել, փորձել իշխանության տարբեր ներկայացուցիչների ներգրավել գործընթացում, այնպես չէ, որ բոլորն են միակարծիք, բայց ես համոզմունք ունեմ, որ սա հստակ իրենց քաղաքականությունն է։ Իրենց քաղաքականությունը չես կարող շրջանցել և հույս ունենալ, որ այդ մարդիկ կառավարության իրենց դիրքերից քեզ աջակցություն են հայտնելու։ Դա չի լինելու, քանզի իրենց քաղաքականությունն Արցախից հրաժարումն է, իրենք Արցախը համարել են խնդիր Հայաստանի համար, իրենց վարչապետի միջոցով Արցախի հարցին վերջակետ են դրել իրենց համար։ Հետևաբար, չենք կարող ակնկալել իրենց աջակցություն։
Ռոզա Հովհաննիսյան