Արցախցիներին նոր անձնագրերը հատուկ կարգով պետք է տրվեն

Նոյեմբերի 1-ից նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար սահմանված 28 650 դրամ պետական տուրքը կարող է լրացուցիչ ֆինանսական բեռ դառնալ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։ Խնդիրը միայն փաստաթղթի արժեքը չէ․ որոշ ընտանիքների համար ՀՀ նոր անձնագիր ստանալն ու անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելը կարող է անմիջական նշանակություն ունենալ բնակարանային աջակցության պետական ծրագրից օգտվելու հնարավորության համար։ Այս պայմաններում առաջանում է հարց՝ արդյոք փաստաթղթավորման ծախսերը չեն դառնա ևս մեկ խոչընդոտ այն ընտանիքների համար, որոնք փորձում են Հայաստանում վերակառուցել իրենց կյանքը։

Խնդիրը բարձրաձայնել են ինչպես Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, այնպես էլ փաստաբան Անուշ Շահրամանյանը՝ առաջարկելով վերանայել պետական տուրքի կիրառման կարգը և տեղահանված անձանց համար սահմանել արտոնություններ կամ ապահովել նոր կենսաչափական փաստաթղթերի անվճար տրամադրումը։

Շահրամանյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալն ու նոր անձնագիր ձեռք բերելը տեղահանված արցախցիների համար միշտ չէ, որ անձնական ընտրության հարց են։ Որոշ ընտանիքների համար քաղաքացիություն ունենալը կարող է անհրաժեշտ պայման լինել բնակարանային աջակցության ծրագրին մասնակցելու համար։ Հետևաբար, փաստաթղթավորման գործընթացում առաջացող ֆինանսական դժվարությունները կարող են ազդել նաև ընտանիքի՝ պետական աջակցություն ստանալու հնարավորության վրա։

Բնակարանային ապահովման ծրագրի պայմանների համաձայն՝ շահառու ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխաները, պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն։ Սա նշանակում է, որ եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը դեռևս ՀՀ նոր անձնագիր չի ստացել, այդ հանգամանքը կարող է խոչընդոտել ծրագրի շրջանակում աջակցություն ստանալուն։ Քաղաքացիություն ստանալուց հետո անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը ևս պահանջում է ուշադրություն, իսկ նոր կենսաչափական անձնագրի համար սահմանված վճարը կարող է լրացուցիչ ծախս դառնալ արդեն իսկ ֆինանսական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։

Փաստաբան Անուշ Շահրամանյանը նշում է, որ փաստաթղթերի վերականգնման գործընթացն արդեն իսկ ուղեկցվում է լրացուցիչ ծախսերով՝ ՔԿԱԳ մարմիններում դիմումներ ներկայացնելուց մինչև նոտարական և դատական ընթացակարգեր։ Նրա հաշվարկով՝ նոր փաստաթղթերի համար մեկ անձի ծախսը կարող է հասնել 34 600 դրամի՝ ներառելով նույնականացման քարտն ու անձնագիրը։

«ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրով փոխհատուցվում են փաստաթղթերի նոտարական վերականգնման ծախսերը, իսկ կառավարությունն ազատել է քաղաքացիության հայտ ներկայացնելու պետական տուրքից։ Դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի նաև նոր անձնագրերի ձեռքբերման հարցում տեղահանված անձանց աջակցությունը։ Սա ամբողջ գործընթացի մի մասն է, և ընտանիքների ֆինանսական հնարավորությունները չպետք է խոչընդոտեն առաջընթացին ու պատշաճ փաստաթղթավորմանը», — ընդգծում է փաստաբանը։

Խնդրի իրական մասշտաբը երևում է նաև Արցախից բռնի տեղահանված Անուշ Գևորգյանի ընտանիքի օրինակից։ Step1.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ իր ընտանիքը բաղկացած է յոթ հոգուց, և միայն բոլոր անդամների կենսաչափական անձնագրերի համար անհրաժեշտ կլինի վճարել ընդհանուր 200 550 դրամ։

Այս գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր անձնագրի համար սահմանված 28 650 դրամ վճարով։ Եթե ընտանիքի բոլոր յոթ անդամներին անհրաժեշտ լինեն նաև նույնականացման քարտեր, ապա դրանց արժեքը կկազմի ևս 41 650 դրամ։ Այսպիսով, երկու տեսակի փաստաթղթերի համար ընդհանուր գումարը կարող է հասնել 242 200 դրամի։ Սա հաշվարկային օրինակ է․ իրական ծախսը կախված կլինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի տարիքից և փաստաթղթավորման կոնկրետ պահանջներից։

Տեղահանությունից հետո Հրազդանում վարձակալած բնակարանում ապրող ընտանիքի համար նման ծախսը լրացուցիչ բեռ է՝ բնակարանի վարձի, սննդի, կոմունալ վճարների և այլ անհրաժեշտ ծախսերի կողքին։ Ընտանիքը ստիպված է սահմանափակ միջոցները բաշխել առօրյա կարիքների և փաստաթղթավորման միջև, մինչդեռ վերջինս կարող է նշանակություն ունենալ նաև պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար։

Անուշ Գևորգյանի պատմությանը Step1.am-ն անդրադարձել էր նաև նախկինում։ Մանկուց հաշմանդամություն ունեցող Անուշը շրջափակման պատճառով ժամանակին չէր կարողանում հասնել Երևան՝ անհրաժեշտ վիրահատության համար։ Տեղահանությունից հետո նա վիրահատվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում և շարունակում է վերականգնողական բուժումը։ Նրա խոսքով՝ արդեն կարողանում է ինքնուրույն մի քանի քայլ անել, սակայն բուժումը շարունակելու կարիք ունի։

Անուշ Գևորգյանը կարծում է, որ պետական տուրքի կիրառման կարգը պետք է վերանայվի, իսկ բռնի տեղահանված արցախցիների համար սահմանվեն արտոնություններ կամ հատուկ մատչելի սակագներ։

Նշենք, որ գործող անձնագրերի վավերականությունը շարունակվում է մինչև դրանց ժամկետի ավարտը, ուստի նոր անձնագիր ստանալու անհրաժեշտությունը պետք է գնահատել յուրաքանչյուր անձի իրավիճակի և փաստաթղթավորման պահանջների հիման վրա։

Սակայն քանի որ բնակարանային ծրագրին մասնակցելու համար քաղաքացիության պահանջ կա, խնդիր է դառնում նաև պետական ծառայությունների մատչելիությանը և այն, թե արդյոք տեղահանված ընտանիքները կարողանում են իրացնել իրենց իրավունքները՝ անկախ նյութական հնարավորություններից։

Հնարավոր լուծումներից մեկը բռնի տեղահանված անձանց համար նոր կենսաչափական անձնագրերի և անհրաժեշտ նույնականացման քարտերի տրամադրման պետական տուրքից ազատելն է։ Մյուս տարբերակը կարող է լինել սոցիալական վիճակով պայմանավորված արտոնյալ սակագների կիրառումը՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը, եկամուտները, հաշմանդամությունը և այլ հանգամանքներ։ Կարևոր է նաև հստակեցնել, թե որ փաստաթղթերն են պարտադիր բնակարանային աջակցության ծրագրին դիմելու համար, որպեսզի քաղաքացիները լրացուցիչ ծախսեր չկրեն այնպիսի փաստաթղթերի համար, որոնց ձեռքբերումը տվյալ պահին անհրաժեշտ չէ։

Արսեն Աղաջանյան