
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը ցույց է տալիս, որ Հայաստանում շրջանառու կապիտալի մեծ մասը մնում է որպես զուտ շահույթ բանկերի, հեռախոսներ և այլ սարքավորումներ ներմուծող ընկերությունների, ծխախոտ արտադրողների, խաղային բիզնեսի, հանքարդյունաբերական և հեռահաղորդակցության ընկերությունների տերերի մոտ: Բանկերի և այս ընկերությունների շահույթն այնքան է աճել, որ նրանք ներդրումներ են կատարում Հայաստանում շինարարության մեջ՝ ստեղծելով անառողջ առաջարկ և բարձրացնելով անշարժ գույքի գները: Արդյունքում, մարդիկ իրենց գումարը ծախսում են թանկարժեք հիփոթեքային և սպառողական վարկերի վրա, և չնչին եկամուտներով ապրում են աշխատավարձից աշխատավարձ։
Այս տնտեսական կառուցվածքում երեք տարի առաջ արտաքսված արցախցիները չեն կարողանում իրենց համար տեղ գտնել: Որոշ տղամարդիկ վերադարձել են բանակ, բայց մեծ մասը ստիպված է աշխատել որպես տաքսու վարորդներ, քանի որ միակ բանը, որ նրանք կարող էին հանել Արցախից, իրենց մեքենաներն էին: Հայաստանում չկան բազմազան դրամական հոսքեր, որոնք կարող էին օգտագործվել և ապահովել ամեն ինչից զրկված մարդկանց ապրուստը: Փողը գտնվում է միայն ամենավերևում, ինչը առաջացնում է խիստ բևեռացում, որը զրկում է արցախցիներին նույնիսկ չնչին հնարավորությունից ինտեգրվելու Հայաստանի տնտեսական կառուցվածքին:
Բայց խոշոր հաշվով այդ փուչիկ իրավիճակը հղի է ճգնաժավով, որի արդյունքում կարող է պարզվել, որ Հայաստանը ինքն իրեն չի կարող պահել։
Մի քանի օրինակ բերենք․
Հայաստանի առևտրային բանկերի զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 334 միլիարդ դրամ, հաղորդում է Modex-ը։ Դա 8,6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Բոլոր բանկերը, բացի չորսից, շահույթի աճ են գրանցել։
Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով ամենամեծ հարկատուն հեռախոսների, տեխնիկայի ու դրանց աքսեսուարների ներմուծմամբ, վաճառքով զբաղվող, Սամվել Ալեքսանյանին պատկանող Mobile Centre ընկերությունն է։
Այս տարվա 9 ամիսներին Mobile Centre-ը բյուջե է վճարել 64.3 մլրդի հարկեր։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության հարկերն աճել են 22 տոկոսով։
Երկրորդ ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած ավելի քան 60 մլրդ 800 մլն դրամի հարկերով։ Երրորդը «Գրանդ տոբակո»-ն է՝ 46.2 մլրդ դրամ վճարած հարկերով։ Խոշորների տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 39.5 մլրդի վճարած հարկերով, «Արդշինբանկ»-ը՝ 38 միլիարդով, «Ամերիաբանկ»-ը՝ մոտ 28 մլրդով։
Խոշոր հարկատուների թոփ-տասնյակի մեջ կան 3 ծխախոտագործական, ծխախոտի վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություններ («Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»), 2 բանկեր, խաղային ոլորտի 2 ընկերություններ («Սոֆթ կոնստրակտ» և «Դիջիթեյն»)։
Տնտեսության նման կառուցվածքը ներքին ամրություն չունի և հեշտ կարող է պայթել առաջին իսկ ճգնաժամից, օրինակ՝ բլոկադայից։