
Չնայած 2023-2027թթ. ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարության մեջ առանձին ուղղությամբ հստակ ֆիքսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովումը՝ դրանից բխող հստակ գործողություններով, այդուհանդերձ, ոչ մի քայլ այս ուղղությամբ կառավարությունը չի անում: Այս մասին են ահազանգել օրերս «Ստեփանակերտ» մեդիաակումբ ՀԿ-ի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ոլորտի մասնագետները:
Մշակութային ժառանգության պահպանության մասով կառավարությունը պարտավորություններ ունի նախ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքով, և հետո նաև միջազգային պարտավորություններով: Այդուհանդերձ, այսօր բացարձակ ոչ մի պետական օժանդակություն չեն ստանում ո՛չ արցախյան մշակութային ՀԿ-ները, ո՛չ էլ Արցախում պետական կարգավիճակով գործունեություն ծավալած առանձին համույթները:
Հանդիպման ընթացքում «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ղեկավար Ապրես Մարգարյանը ներկայացրեց 2023-ից առայսօր պետական տարբեր օղակների հետ տարված բազմաթիվ բանակցություններ, ներկայացված տարբեր ծրագրեր, առաջարկների փաթեթներ, որոնցից և ոչ մեկը, նրա խոսքով, չի տվել շոշափելի արդյունք:
Արցախյան պետական համույթների և մշակույթի գործիչների օրեցօր ծանրացող վիճակը
Հատկապես մտահոգիչ է արցախյան ազգային պետական համույթների վիճակը, որոնց գործունեության շարունակականությունն ապահովելու համար բացարձակապես չկան պայմաններ՝ փորձատեղիներից սկսած մինչև համույթների անդամների աշխատավարձեր:
Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի ղեկավար Լևոն Սարդարյանը քննարկման ընթացքում դառը ժպիտով է ասում, որ այսօր հիմնական եկամտի աղբյուրը իր ոչ հիմնական աշխատանքն է՝ տաքսի վարելը: Եվ սա օրինաչափ է համույթների գրեթե բոլոր անդամների պարագայում, երբ մշակույթի գործիչները ստիպված են ցանկացած աշխատանք անել՝ հիմնական մասնագիտական աշխատանքի բացակայության պայմաններում:
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի տվյալներով՝ մշակութային ոլորտի տեղահանված 1500 աշխատակիցներից այսօր ընդամենը 50-ն են ապահովված մասնագիտական աշխատանքով, իսկ մոտ 350 հոգի ֆինանսական անկայունության պայմաններում ստիպված են եղել արտագաղթել:
2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայից հետո նույնպես մշակութային ժառանգության պահպանման հարցեր էին առաջացել, սակայն դրանք ավելի հեշտ էին լուծվում՝ մի կողմից որովհետև դեռևս Արցախում հայեր էին ապրում, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունն այնքան կոշտ չէր, ինչքան հիմա է: Դա է պատճառը, որ Շուշիի Խանդամիրյանի անվան տիկնիկային թատրոնը տեղահանությունից հետո կարողացավ ինտեգրվել Շիրակի մարզում՝ դառնալով Գյումրիի դրամատիկական թատրոնի մաս, իսկ արդեն 2023-ին տեղահանված մշակութային կազմակերպություններին ու համույթներին նույն հնարավորությունը չի տրվում:
Քաղաքական մոտեցումների փոփոխությունները և համակարգի ինքնագրաքննությունը
Թեև առկա չեն հստակ հրամաններ և գրավոր ձևակերպումներ կառավարման համակարգի տարբեր օղակների գործունեությունը Արցախի մշակույթի մասով սահմանափակելու, այդուհանդերձ օրվա իշխանությունների խոսույթը հաճախ պատճառ է դառնում համակարգի կողմից երբեմն աբսուրդի հասնող ինքնագրաքննության, երբ, օրինակ, կրթական հաստատություններից հեռացվում են Արցախյան պատերազմին նվիրված փառքի անկյունները, Արցախի դրոշն ու այլ ատրիբուտիկա, կամ, օրինակ, հայտնի դեպքը, երբ 12 տարեկան դպրոցականի ստեղծագործությունը նկարչության մրցույթի շրջանակներում տնօրենի հրահանգով հեռացվեց դպրոցի պատից, ինչ է թե երեխան արցախցի է և պատկերել է «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը:
2025-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոստացել էր դրամաշնորհներով աջակցել արցախյան մշակութային խմբերին, սակայն այս խոստումները նույնպես մնացին օդում:
«2023-ից առայսօր միայն 2 արցախյան մշակութային ՀԿ են փոքրիկ դրամաշնորհներ ստացել նախարարությունից՝ ընդհանուր 3 մլն դրամի չափով»,- ասում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ ղեկավար Ապրես Մարգարյանը:
Հաշվի առնելով հայաստանյան մարզերի պասիվ մշակութային կյանքը՝ ՀԿ-ն նաև առաջարկել էր այս բացը լրացնել արցախյան համույթների օգնությամբ: Տարբեր կրթական-մշակութային ծրագրեր են առաջարկվել նախարարությանն ու մարզպետարաններին, այդ թվում՝ մեծ համերգների ձևաչափով, փոքր դաս-համերգների կազմակերպմամբ, համայնքներում ժողովրդական գործիքների ուսուցմամբ և այլն: Սակայն նույնիսկ այս տեսակ օգտակար ծրագրերը կյանքի չեն կոչվում:
Միջազգային պարտավորություններն ու քաղաքական նպատակահարմարությունները
Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի, որը Հայաստանը վավերացրել է 2006 թվականին՝ Հայաստանը ԼՂ էթնիկ զտման կոնտեքստում պարտավոր է իր իրավասության շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, կենսունակության ապահովման և սերնդեսերունդ փոխանցման համար։
Սակայն գործնականում պետությունը ոչ միայն չի աջակցում, այլև հակված չէ անգամ մշակութային աշխատողների ներուժը օգտագործել ՀՀ մարզերում առկա պահանջարկը բավարարելու համար:
Եթե բռնի տեղահանությունից անմիջապես հետո գոնե մշակութային ժառանգության մասով իշխանությունները պատրաստակամ էին ջանքեր ներդնել և զբաղվել պահպանության ու հանրահռչակման հարցերով, ապա տարեցտարի հռետորաբանությունը փոխվեց: Այժմ բաց տեքստով Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ ԼՂ տեղահանվածների մասով իր միակ անելիքը սոցիալական բաղադրիչի ապահովումն է, քանի որ մյուս բոլոր հարցերը կարող են ռիսկեր ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Որպես դրա տրամաբանական շարունակություն՝ ամիսներ առաջ Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացված Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու դեպքին, նշել է, թե «Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում», և Հայաստանը չպետք է խառնվի նմանատիպ հարցերին:
Գործող իշխանությունների կողմից արցախյան մշակութային ժառանգության նկատմամբ այսօրինակ կրավորական կեցվածքն է միգուցե նաև պատճառը, որ անգամ Հայաստանից դուրս արվող մշակութային միջոցառումներին արցախյան համույթներին կա՛մ չեն հրավիրում, կա՛մ հեշտությամբ չեղարկում են հրավերները, ինչպես դա եղավ օրերս, երբ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 27-ին Վիեննայում կայանալիք միջազգային փառատոնին արցախյան համույթների մասնակցությունն առանց բացատրությունների Ավստրիայում հավատարմագրված մի քանի դեսպանատների պահանջով չեղարկվել է:
Մշակութային ինքնությունն ու խաղաղության օրակարգը
Ստացվում է մի իրավիճակ, երբ թղթի վրա ամրագրված ռազմավարություններն ու միջազգային պարտավորությունները ստորադասվում են օրվա քաղաքական խոսույթին, իսկ արցախյան մշակույթը դատապարտվում է մոռացության: Դիստանցավորվելով սեփական մշակութային ժառանգությունից և այն դիտարկելով որպես «քաղաքական խոչընդոտ», արդյոք, պետությունը չի՞ կատարում հենց Ադրբեջանի այն ցանկությունը, որով փորձ է արվում ջնջել Արցախում հայկական հետքը:
Մի կողմից՝ Ալիևի ռեժիմը հետզհետե ոչնչացնում է Արցախի նյութական ժառանգությունը, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի իշխող քաղաքական ուժն իր որդեգրած չեզոքությամբ՝ Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
Արդյոք, սեփական մշակույթից ու պատմությունից դիստանցավորվե՞լն է այն խաղաղության գինը, որը պատրաստ է վճարել Հայաստանի կառավարությունը և, ի վերջո, մշակութային ինքնությունից հրաժարման գնով կառուցվող ապագան ի՞նչ արժեք է ունենալու վաղվա Հայաստանի համար:
Անուշ Խաչատրյան