
Անցած կիրակի Հայստանի 21 խոշորացված համայնքներում ընտրություննրի արդյունքները ուրվագծել են մի քանի միտում, որոնք որոշիչ կդառնան մոտակա ժամանակների քաղաքական զարգացումների համար։ Այդ միտումները բարձրաձայնել է հենց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայիս ընդդիմադիր կուսակցությունները կչեղարկվե՞ն
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով։ Այս մասին, հոկտեմբերի 26–ին Facebook—ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Փաշինյանը։
Նա նշեց, թե Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, ով կառավարվում է դրսից. «Հայաստանում պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձևավորի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հարևան Վրաստանում երեկ բողոքի մեծ ալիք է բարձրացել, երբ խորհրդարանում հայց է ներկայացվել՝ 5 ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը դադարեցնելու պահանջով։ “Վրացական երազանքը” մեղադրել է ընդդիմադիր՝ արևմտամետ կուսակցություններին “արտաքին ուժերի կողմից” կառավարվելու մեջ և պահանջել արգելել այդ կուսակցություններին։
“Հայկական երազանքը”, փաստորեն, նույնն է պատրաստում։ Հատկապես դա վերաբերում է Դաշնակցությանը․ ՔՊ պատգամավորները չեն թաքցնում, որ հաջորդ խորհրդարանում ՀՅԴ անդամ չպետք է լինի։
Մյուս կողմից, այս ընտրությունները ցույց են տվել և հարմարվող “նոր ընդդիմության” ձևավորման միտումը։ Գորիսում և Ստեփանավանում հաղթել են “Գործարար” նորաստեղծ կուսակցության թեկնածուները, այդ թվում Առուշ Առուշանյանը։ Դա տեղի է ունեցել ՔՊ-ի հետ “պայմանավորվելու” միջոցով, և այդ միտումը կարող է վարակիչ դառնալ։
“Ժողովրդավարության դիակ”, “ավտորիտարիզմ” և քաղաքական ամայացում
19 համայնքներում ՔՊ-ական թեկնածուները և պրոքպական ուժերը տարան ջախջախիչ հաղթանակ, ասել է Փաշինյանը:
“Ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ՝ ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+, 70+ ձայներ, որովհետև ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, բայց այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում”, ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հասկանում է․ այս արդյունքը նշանակում է, որ հետագայի և անցյալի համար ամբողջ պատասխանատվությունը մարդիկ այլևս դրել են Քաղպայմանագրի վրա։
Ահսուհետ Փաշինյանի կուսակցությունն է և “նախկին”, և “ներկա”, համեմատելու կամ ուրիշներին մեղադրելու հնարավորություն չկա, ինչ կատարվի՝ “մեղավորը” Փաշինյանն է լինելու, և ոչ ոք չի ասի, թե “նրան գրպանը” բան են գցել։
Ո՞ր կուսակցություններին է Փաշինյանը “պետականամետ” համարում
«Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն ակտիվանան: Մենք, բնականաբար, իրենց չենք կարող օգնել, աջակցել, բայց իրենց ոչ մի բանով չենք խանգարի, և շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է՝ ՀՀ շահերի վրա հիմնվելով, ՀՀ ժողովրդի շահերի վրա հիմնվելով, և հենված է ժողովրդավարական արժեքների, ոչ թե ընտրակաշառքների [վրա], կամ որ գողացվածը, թալանվածը քաղաքականության մեջ ներդնելու և թալանվածը պաշտպանելու գործիք դարձնելու ուղղությամբ է գործում»,-ասաց նա:
Ո՞ւմ է Փաշինյանը համարում “պետականամետ” կուսակցություն և ինչ սկզբունքներով է դատում։ Դժվար չէ կռահել, որ սկզբունքը՝ “ռուսամետ” կամ “արևմտամետ” լինելը չէ։ Ի վերջո, դեպի Եվրոպա “գնացող” Հայաստանում միայն մեկ կուսակցություն կա, որը դա առաջնահերթյուն է համարում՝ դա Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցությունն է։ Այնպես որ, միակ չափանիշը մնում է Հայաստանի կուսակցությունների Սփյուռքից “անկախ” լինելը, այսինքն՝ ազգային չլինելը։
Փաշինյանը երեք խնդիր է նշել, “ավանդույթին” համաձայն չօգտագործելով “ազգային” բառը․
“Առաջինը՝ ինչպես անել, որպեսզի ընտրությունների արդյունքների թվերն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն:
Երկրորդը՝ ինչպես անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ:
Երրորդ խնդիրը՝ ինչպես անել, որ ՀՀ-ում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների ու քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն»,- ասաց նա:
Ցածր մասնակցություն, կալանավորումներ և քվեարկելու արգելք
Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Ստեփանավանում կալանավորվել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը։
Իսկ Հայաստանից որոշակի ժամանակահատվածով բացակայող քաղաքացիներին քվեարկելն արգելող օրենքի ընդունումից հետո, միայն Մարտունիում 20,000 մարդ զրկվեց ընտրելու իրավունքից։
“Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից”, ասում են փորձագետները։
Ճակատագրի հեգնանքով, հենց ընտրությունների օրը Հակակոոռուպցիոն վերաքննիչ դատարանն որոշում է կայացրել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին նրան մեղսագրվող հոդվածներից մեկով անմեղ ճանաչելու վերաբերյալ և արդարացրել է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորին:
«Րոպեներ առաջ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը իմ մասով կայացրեց մի անսպասելի որոշում՝ այն հոդվածով, որով որ ինձ երկու տարի յոթ ամիս պահել էին կալանքի տակ, այդ հոդվածով ինձ անմեղ ճանաչեց և արդարացրեց, իսկ մնացած հողի հետ կապված դրվագներով կիրառեց վաղեմության ժամկետ և գործը կարճեց», – ասաց Ասլանյանը: