
Արցախից բռնի տեղահանվածների համար հայրենիքի հետ կապը աշխարհագրական հասկացություն չէ։ Շատերի համար այն տուն է, որ այլևս չկա, գյուղի կամ քաղաքի անուն է, որը շարունակում են հիշել ու արտասանել, լուսանկարներ են, ընտանեկան պատմություններ, փաստաթղթեր, որոնցում դեռ պահպանված է ծննդավայրի անունը։ Հիմա այդ հիշողության հետ կապված ևս մեկ խնդիր է առաջացել․ Հայաստանի նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրի դիմաց նշվում է «Ադրբեջան»։
Այս գրառումը վարչական տվյալ չէ։ Այն ցավ է պատճառում, վիրավորում, առաջացնում անարդարության զգացում։ Վերջին օրերին թեմային անդրադարձել են արցախցի բլոգերներ, երգիչներ, հանրային դեմքեր և բազմաթիվ անհատներ։ Նրանց արձագանքներում տարբեր պատմություններ ու ձևակերպումներ կան, բայց մի հարց կրկնվում է․ ինչո՞ւ պետք է մի մարդ, որը ծնվել է Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում կամ Արցախի որևէ գյուղում, իր ծննդավայրի դիմաց տեսնի մեկ այլ երկրի անունը։
Խնդիրը միայն այն չէ, թե ինչ է գրված անձնագրի համապատասխան տողում։ Արցախի բնակիչների համար ծննդավայրի անունը սեփական կենսագրության, ինքնության և անցած ճանապարհի անբաժան մասն է։ Երբ հայրենի տունը թողել ես բռնի տեղահանության հետևանքով, երբ այլևս չես կարող վերադառնալ այն վայրերը, որտեղ ծնվել ու մեծացել ես, փաստաթղթում այդ տեղանունը պահպանելը կարող է դառնալ հայրենիքի հետ մնացած կապի կարևորագույն հուշերից մեկը։ Իսկ այդ անվան փոխարինումը «Ադրբեջան» գրառմամբ շատերի համար ընկալվում է ոչ թե որպես չեզոք վարչարարություն, այլ որպես սեփական պատմության նկատմամբ ևս մեկ կորուստ։
Ի՞նչ է ասում օրենքը, և ի՞նչ՝ միջազգային չափորոշիչը
Թեման հանրային քննարկման կենտրոնում հայտնվեց նաև այն բանից հետո, երբ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին պարզաբանում հրապարակեց՝ նշելով, որ կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դիմաց երկրի անվան նշումը պայմանավորված է ICAO-ի միջազգային չափորոշիչներով և ISO 3166 ստանդարտով։
Սակայն Media.am-ի նոյեմբերի 20-ի փաստերի ստուգման հրապարակումը ցույց տվեց, որ այս բացատրությունը մոլորեցնող է։ ICAO Doc 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 բաժնում նշվում է, որ ծննդավայրի ներառումն անձնագրում պարտադիր չէ։ Եթե այն ներառվում է, կարող է նշվել քաղաքը, ավանը, արվարձանը և/կամ պետությունը։ Նույն բաժնի ծանոթագրությունն էլ պետություններին խորհուրդ է տալիս հաշվի առնել տարածքների և պետությունների ճանաչման հետ կապված քաղաքական զգայունությունները։
ISO 3166-ը երկրների և վարչական միավորների կոդավորման ստանդարտ է։ Այն սահմանում է, թե ինչ կոդով պետք է նշվի երկիրը, եթե այն ներառված է փաստաթղթում, բայց ինքնին չի պարտադրում ծննդավայրի տողում երկրի անունը գրել։
Media.am-ի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի օրենսդրությամբ ծննդավայրի դիմաց պետության նշումը պարտադիր է դարձել «Նույնականացման քարտերի մասին» օրենքում 2026 թվականի մայիսի 11-ին կատարված փոփոխությունից հետո։ Մինչ այդ երկրի անվան նշումը պարտադիր չէր, և ծննդավայրը հնարավոր էր ներկայացնել քաղաքի կամ գյուղի անունով։
Այսինքն՝ խնդիրը ոչ թե միջազգային չափորոշիչի անխուսափելի պահանջն է, այլ Հայաստանի ներպետական օրենսդրությամբ ընդունված կարգավորումը։ Սա, բնականաբար, առաջ է բերում հարցեր՝ ինչո՞ւ է ընտրվել հենց այս տարբերակը, արդյոք քննարկվել են դրա հետևանքները տեղահանված արցախցիների համար, և հնարավո՞ր է արդյոք վերանայել կարգավորումը։
«Ես դիմել եմ, որ իմ ծննդավայրի դիմաց Ադրբեջան չգրվի»
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ կենսաչափական անձնագիր ստանալու համար դիմել է «Հայփոստ», իսկ ՆԳՆ-ին ներկայացրել է առանձին դիմում՝ խնդրելով իր անձնագրում ծննդավայրի դիմաց չնշել «Ադրբեջան»։
Նրա խոսքով՝ եթե դիմումը մերժվի, պատրաստվում է վիճարկել որոշումը դատական կարգով՝ անհրաժեշտության դեպքում հասնելով մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Բեգլարյանը հիշեցրել է, որ 2024 թվականին ստացած հայկական անձնագրում իր ծննդավայրը նշված է եղել Ստեփանակերտ, մինչդեռ նույնականացման քարտում՝ Հայաստանի Հանրապետություն։ Այժմ նա ցանկանում է, որ նոր փաստաթղթում ևս պահպանվի ծննդավայրի իրական տեղանունը։
Նրա քայլը կարևոր է ոչ միայն որպես անհատական դիմում։ Այն հարց է բարձրացնում՝ արդյոք պետությունը պարտավոր չէ՞ հաշվի առնել այն մարդկանց առանձնահատուկ դրությունը, որոնց ծննդավայրի նկատմամբ ինքնիշխանությունը վիճարկվում է, և որոնք այդ տարածքից բռնի տեղահանվել են։
Թեմային անդրադարձել է նաև լրագրող Սիրանուշ Սարգսյանը։ Նա հիշեցնում է, որ ծնվել է Արցախի գյուղերից մեկում՝ խորհրդային տարիներին, և հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ իր ծննդավայրի անունը չի կարող պահպանվել անձնագրում, եթե միջազգային չափորոշիչն ինքնին նման հնարավորություն տալիս է։
Սարգսյանը նաև պատմել է իր հետ տեղի ունեցած այլ վարչական դժվարությունների մասին՝ հոկտեմբերին սահմանային անցակետում փաստաթղթի հետ կապված անորոշ խնդրի պատճառով իրեն մոտ կես ժամ պահելու և բանկային գործարքի ժամանակ ժամանակավոր պաշտպանության վկայական պահանջելու դեպքերի մասին։ Սրանք նրա անձնական վկայություններն են, որոնց հանգամանքները և իրավական հիմքերը դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Բայց դրանք ևս մեկ անգամ ուշադրություն են հրավիրում այն խնդրի վրա, որ տեղահանված արցախցիները տարբեր հաստատություններում հաճախ ստիպված են լինում բացատրել իրենց կարգավիճակը և ապացուցել իրենց փաստաթղթերի նշանակությունը։
Տեղանունը սոսկ բառ չէ
Արցախցիների արձագանքները ցույց են տալիս, որ «Ադրբեջան» գրառման շուրջ դժգոհությունը միայն քաղաքական դիրքորոշում չէ։ Մարդիկ խոսում են իրենց ծննդավայրի անվան մասին, որը փաստաթղթում պահպանելը նրանց համար սեփական անցյալի և ինքնության մի մասն է։
Ստեփանակերտը Խանքենդի չէ այն մարդու համար, որը ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում։ Մարտունին, Մարտակերտը, Հադրութը կամ Արցախի որևէ գյուղ պարզապես աշխարհագրական կետեր չեն։ Դրանք մարդկանց անձնական պատմություններն են, ընտանիքների հիշողությունները, գերեզմաններն ու տները, մանկության ճանապարհները։ Այդ անունները փաստաթղթերից դուրս մղելը չի փոխում մարդկանց կենսագրությունը, բայց կարող է խորացնել այն զգացումը, որ իրենցից խլված հայրենիքի հետ միասին փորձում են ջնջել նաև դրա մասին հիշողության տեսանելի հետքերը։ 120 հազար արցախցի գիտակցաբար լքեց ր հայրենիքն ու ծնդավայրը եղբայասպան չդառնալու համար՝ ադրբեջանական բանակում չծառակելու համար, իսկ այսօր միտումնավոր կամ չմտածված գրչի մի շարժումով ստիպում են ծննդավայրը Ադրբեջանը համարել։
Պետական մարմինների համար անձնագիրը նույնականացման և միջազգային ճամփորդության փաստաթուղթ է։ Բայց այն նաև մարդու կենսագրության պաշտոնական գրառումն է։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է բռնի տեղահանված մարդկանց ծննդավայրին, հարցը չի կարող սահմանափակվել միայն տեխնիկական պահանջներով։
ՆԳՆ-ից պետք է հստակ պատասխանել՝ ինչո՞ւ է օրենքով ընտրվել ծննդավայրի դիմաց պետության պարտադիր նշման տարբերակը, արդյոք դիտարկվել է բացառություն կամ այլ լուծում Արցախի տարածքում ծնված անձանց համար, և հնարավո՞ր է անձնագրում պահպանել քաղաքի կամ գյուղի անունը՝ առանց այն մեկ այլ պետության անվան տակ ներկայացնելու։
Արցախցիները չեն պահանջում փոխել իրենց ծննդյան փաստը։ Նրանք ուզում են, որ իրենց ծննդավայրը փաստաթղթում մնա իր անունով։ Երբ հայրենիքի հետ կապող շատ բաներ արդեն կորցված են, այդ անունը պահպանելը փոքր պահանջ չէ։ Այն կարող է լինել սեփական պատմությունը չուրանալու և այն հաջորդ սերունդներին փոխանցելու կարևոր միջոցներից մեկը։
Մարիամ Սարգսյան