
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հայ գերիների ազատ արձակման հարցը կապել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման հետ։ Նոյեմբերի 14-ին Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում իռլանդացի փորձագետների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի ազատ արձակման համար անհրաժեշտ է ամրապնդել խաղաղությունը, հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Փաշինյանի խոսքով՝ գերիների առկայությունը երկու երկրների միջև թշնամանքի արտացոլումն է, իսկ հարաբերությունների կարգավորումը՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման միակ ճանապարհը։ Նա նաև հավաստիացրել է, որ Երևանը հարցը մշտապես բարձրացնում է դիվանագիտական շփումներում։
Սակայն այս մոտեցումը մի շարք հարցեր է առաջացնում։ Գերիների ազատ արձակումը փաստացի ներկայացվում է որպես խաղաղության ամրապնդման հնարավոր արդյունք, մինչդեռ այն պետք է լինի կայուն խաղաղության հաստատման կարևոր նախապայմաններից մեկը։ Դժվար է խոսել իրական խաղաղության մասին, երբ տնտեսական և հաղորդակցային նախագծերի քննարկմանը զուգահեռ հայ քաղաքացիները շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում՝ զրկված ազատությունից և անկախ վերահսկողությունից։
Ադրբեջանական բանտերում պահվող հայերի վիճակի վերաբերյալ ահազանգերն ավելի են ընդգծում խնդրի հրատապությունը։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ 2026 թվականի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողացել այցելել գերիներին, իսկ խոշտանգումների կանխարգելման միջազգային մեխանիզմները նույնպես զրկված են եղել նրանց տեսակցելու հնարավորությունից։ Գերիները սահմանափակված են հարազատների, անկախ բժիշկների, փաստաբանների և հյուպատոսական ներկայացուցիչների հետ շփումներում։ Արտաքին աշխարհի հետ կապի հիմնական միջոցը վերահսկվող հեռախոսազանգերն են, որոնք որոշ դեպքերում հնարավոր են ընդամենը մոտ 40 օրը մեկ։
Այս պայմաններում հատկապես մտահոգիչ են համակարգային խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները։ Անկախ բժշկական հետազոտությունների և միջազգային վերահսկողության բացակայությունը թույլ չի տալիս լիարժեք գնահատել գերիների առողջական վիճակն ու նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների ծավալը։ Խոսքը ոչ միայն ֆիզիկական տառապանքների, այլև երկարատև մեկուսացման, հոգեբանական ճնշման և մշտական անորոշության մասին է։
Խնդրի քաղաքական կողմին անդրադարձել է Արցախի նախկին պետնախարար և մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Step1.am-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները գերիների ազատ արձակման համար առկա լծակներն ու մեխանիզմները չափազանց քիչ են օգտագործում, իսկ հարցը, իր փոխանցմամբ, նույնիսկ ներառված չէ պաշտոնական բանակցությունների օրակարգում։ Բեգլարյանի գնահատմամբ՝ խնդիրը նախևառաջ քաղաքական է, և իրավական ու մարդասիրական մեխանիզմները պետք է ծառայեն դրա լուծմանը։
Միջազգային ճնշման հնարավոր մեխանիզմների մասին խոսել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երեմյանը։ Step1.am-ին տված հարցազրույցում նա ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսում իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր պատժամիջոցներին, «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման պահպանմանը և Բաքվի նկատմամբ քաղաքական ճնշման այլ միջոցներին։ Այս օրինակը ցույց է տալիս, որ միջազգային հարթակներում կան կոնկրետ գործիքներ, որոնց կիրառումը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար։ Սակայն դրանց արդյունավետությունը մեծապես կախված է նաև Հայաստանի իշխանությունների ակտիվ ներգրավվածությունից։
Միջազգային ջանքերի շարքում առանձնահատուկ է նաև Սփյուռքի նախաձեռնությունների դերը։ Նոյեմբերի 19-ին Նիսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Ադրբեջանի բանտերում պահվող 20 հայ գերիներին քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու մասին։ Նախաձեռնությունը կարևոր խորհրդանշական և քաղաքական նշանակություն ունի. գերիների լուսանկարները շարունակելու են ներկայացված մնալ քաղաքապետարանում, իսկ ավագանու անդամները ստանձնելու են նրանցից մեկի հովանավորությունը։ Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել ապահովել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Թեև պատվավոր քաղաքացու կարգավիճակն ինքնին չի լուծում ազատ արձակման հարցը, այն նպաստում է միջազգային ուշադրության պահպանմանը և գերիների ճակատագրի մասին իրազեկմանը։
Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նախաձեռնել է կանանց միջազգային պատվիրակության այցը Բաքու՝ բոլոր հայ բանտարկյալներին տեսակցելու և նրանց ընտանիքների նամակներն ու լուսանկարները փոխանցելու նպատակով։ Սակայն այցը մինչ օրս չի կայացել՝ անհրաժեշտ պաշտոնական համաձայնությունների բացակայության պատճառով։
Նոյեմբերի 6-ի հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 1-ին Հայաստանի կառավարությանը փոխանցվել էր գերիներին հասցեագրված 1254 նամակ՝ դրանք Բաքու հասցնելու խնդրանքով։ է, որ հոկտեմբերի 15-ին Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ինչու նամակները փոստով չեն ուղարկվում, այլ հանձնվում են կառավարությանը։
Գերիների վերադարձի ուղղությամբ մեկ այլ առաջարկ է ներկայացրել Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ առաջարկելով եռակողմ բանակցային հանձնախումբ ստեղծել՝ ներգրավելով Արցախի և Հայաստանի ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպանների ու մարդու իրավունքների մասնագետների։ Նախաձեռնության կարևոր առանձնահատկությունն Արցախի ներկայացուցիչների անմիջական ներգրավումն է, հատկապես հաշվի առնելով, որ մինչև Արցախի հայաթափումը Ադրբեջանը բանակցել է Արցախի իշխանությունների հետ։ Սակայն առաջարկի իրականացումը ևս կախված է Երևանի պատրաստակամությունից՝ այն ընդունելու և քննարկելու։
Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է համադրի քաղաքական բանակցություններն ու միջազգային իրավական ճնշումը։ Միջազգային հարթակներում խախտումների հետևողական բարձրաձայնումը, իրավական գործընթացներն ու Ադրբեջանի նկատմամբ քաղաքական պատասխանատվության հասնելու ջանքերը կարող են լրացուցիչ լծակներ ստեղծել։
Արսեն Աղաջանյան