Մեր գեղեցկուհի Արփինեն կմասնակցի քյորլինգի աշխարհի առաջնությունը

Հայաստանի անվասայլակներով քյորլինգի հավաքականն առաջին անգամ հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Հայաստանի թիմը կմեկնի Ֆինլանդիայի Լոհյա քաղաք, որտեղ նոյեմբերի 22-28-ը կանցկացվի անվասայլակներով քյորլինգի աշխարհի B խմբի առաջնությունը։

Հավաքականի կազմում հանդես կգա նաև Արցախից տեղահանված Արփինե Հարությունյանը, որի մասնակցությունը հատկապես ուշագրավ է։ Արփինեն ծնունդով Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղից է։ 15 տարեկանում նա հանկարծակի կորցրել է ոտքերի զգայունությունը և այդ ժամանակից ի վեր տեղաշարժվում է անվասայլակով։ Չնայած դժվարություններին՝ ստացել է բարձրագույն կրթություն, մասնագիտացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և շարունակում է իրացնել մասնագիտական ու անձնական նպատակները։

Քյորլինգով Արփինեն սկսել է զբաղվել 2025 թվականի սկզբին, երբ հրավեր է ստացել միանալու Հայաստանի անվասայլակներով քյորլինգի հավաքականին։ Ինչպես ինքն է պատմել Step1.am-ի հետ զրույցում, սկզբում սառույցի վրա անցկացվող այս մարզաձևն իրեն բավական անսովոր է թվացել, սակայն որոշել է փորձել։ Արդեն երկու ամիս անց նա թիմի կազմում մասնակցել էր Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային մրցաշարին։ Հետագայում ևս մասնակցել է միջազգային մրցումների՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ։

Հատկանշական է, որ Արփինեի կյանքում սպորտը դարձել է ինքնադրսևորման ևս մեկ հնարավորություն։ Նա նաև մասնակցել է «Ծնված՝ հաղթելու համար» միջազգային գեղեցկության մրցույթին՝ իր ելույթով ներկայացնելով Արցախը

Արսեն Աղաջանյան