ԱՄՆ Կոնգրեսի սենատի և ներկայացուցիչների պալատի 96 անդամներ նամակ են հղել երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ֆինանսների նախարար Ջենեթ Յելենին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակի համահեղինակները կոչ են անում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ կիրառել «Մագնիտսկիի օրենքը»։
«Մենք կոչ ենք անում Պետքարտուղարությանը և Ֆինանսների նախարարությանը՝ անհապաղ գործադրել հայեցողական լիազորություն՝ Մարդու իրավունքների հաշվետվողականության Գլոբալ Մագնիտսկիի օրենքի (Գլոբալ Մագնիտսկիի օրենք, վերնագիր XII, P.L. 114-328 ենթավերնագիր F, 22 U.S.C. §10101 և դրան հաջորդողը) համաձայն պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի կառավարությունում այն ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումների և Լեռնային Ղարաբաղի դաժան շրջափակման հետ։ Այս գործողությունները ներկայացնում են մարդու իրավունքների կոպիտ խախտում և բռնի հակամարտության իրականացում, որոնք երկուսն էլ ուղղակի հարձակում են ամերիկյան արժեքների և շահերի վրա։ Մարդու իրավունքների այս խախտումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգների կողմից», – գրված է նամակում։
Նամակի հեղինակները նաև ներկայացնում են 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը, դրան հաջորդող հարձակումը և պայթյունը, որոնք է՛լ ավելի են խորացրել արդեն առկա ճգնաժամը։
«Իսկ «վերաինտեգրման» մասին Ադրբեջանի կառավարության հայտարարությունները մտահոգություններ են առաջացնում էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության վերաբերյալ», – գրում են նամակի համահեղինակները։
Եզրափակելով՝ կոնգրեսականները շեշտում են, որ ԱՄՆ-ն համաշխարհային առաջատար է միջազգային մարդու իրավունքների հարցերում և պետք է շարունակի որպես միջնորդ ծառայել և աջակցել տարածաշրջանում խաղաղությանը։ Նամակի հեղինակները ևս մեկ անգամ ԱՄՆ երկու գերատեսչություններին կոչ են անում անհատական պատժամիջոցներ սահմանել «Ալիևի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումների համար կամ մասնակցել են դրանց»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: