Մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

  • 22:15 03.10.2023

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ Այրվածքաբանության ազգային կենտրոնում  տեսակցել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին, հայտնում է Առաջին լրատվական ալիքը։

Նշվում է, որ Ֆրանսիայի արտգործնախարարը կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը:

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Կատրին Կոլոննան նշել է, որ  տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը։ Ըստ նրա՝ այն արդեն հասցրել են  12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

f