Շուրջ 15 արցախցի տղամարդիկ ստիպված են գիշերել Մասիս քաղաքի քաղաքապետարանի դիմացի վրաններում՝ բնակարան չգտնելու պատճառով։
Տղամարդկանցից մեկի պատմածով՝ նրանք բոլորն էլ Արցախից տեղահանված են և իրենց ընտանիքների համար բնակարան են փնտրում։ «Բնակարանների չափազանց բարձր գները մեծ խնդիրներ են ստեղծել մեզ համար։ Մեր ընտանիքները ժամանակավորապես պատսպարվեցին հարազատների ու ընկերների մոտ։ Իսկ մենք ստիպված էինք վրաններ խփել ու ապրել այստեղ՝ սպասելով օգնության։ Երբ շատ ցուրտ է, մեքենաների մեջ ենք գիշերում»։
Տղամարդու խոսքով՝ իրենց մոտեցել է քաղաքապետը, զրուցել, խոստացել ամեն ինչ անել, որպեսզի ընտանիքները տեղավորվեն։ «Մենք հասկանում ենք, որ քաղաքապետարանի պաշտոնյաները սահմանափակ հնարավորություններ ունեն: Բայց, անշուշտ, իշխանությունները կարող են մասնավոր անձանց խղճի վրա ազդել և կոչ անել բնակարանների վարձավճարները չբարձրացնել այդքան։ Վարձավճարը հասել է ամսական 1000 դոլարի։ Հայաստանում շատերը չեն կարող պատկերացնել, թե ինչպիսին էր Արցախի շարքային քաղաքացիների համար 9-ամսյա շրջափակման մեջ ապրելը, և ինչ էր ստիպողաբար ավտոբուսներ նստեցնելն ու տանից դուրս բերելը։ Շատերը կարծում են, որ կառավարության ծրագրով նախատեսված գումարները կբավականացնեն վարձավճարները տալու և մարդկանց ապահովելու ու կերակրելու համար»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: