Տեղահանված արցախահայերին վարձով բնակարան տրամադրելու դիմաց կանխավճար վերցնող և անհետացող անձանց թիվը օրեցօր շատանում է։
Վերջին 2 շաբաթում գրանցվել են գումարի հափշտակման տասնյակ դեպքեր, որոնք այդպես էլ բացահայտել չստացվեց։ Հանցագործները մեծամասամբ “աշխատում” են արցախահայերին օգնելու համար ստեղծված տելեգրամյան ալիքներում։
Այդպիսի մի օգտատեր կա նաև “Բնակարաններ արցախահայության համար” խոշոր տելեգրամյան ալիքում։ Նրա անունը “D.L.” է, և պարբերաբար նա այդ խմբում տարածում է “помощь Арцахцам” տելեգրամյան ալիքի հղում։ Այդ հղումով անցնելով, կարող ենք տեսնել Երևանի կենտրոնական հատվածներում, եվրովերանորոգված 2-4 սենյականոց բնակարաններ ներկա պայմանների համար անհավանական ցածր գներով (120-200 հազար դրամ) առաջարկներ։
Ձևանալով բնակարան փնտրող անձ, կարողացանք հեռախոսահամար իմանալ և կապվել նրա հետ և հասկանալ, թե ինչպես է աշխատում։
Սկզբում ուզում են անձնագրային տվյալները և պահանջում գումար փոխանցել արտասահմանում գտնվող տանտիրոջ հաշվին, որը և իբրև կտրամադրի բանալիները։ Մարդկանց, ովքեր ցանկություն ունեն հանդիպել կամ բնակարանը տեսնել, նրանք չեն պատասխանում, կամ անընդհատ ձգձգում են հանդիպման օրերը։
Հաջորդիվ կնշենք խաբեության ես 2 դեպքի մասին։
“List.am” կայքում, Ավանի “Ծարավ աղբյուր” թաղամասում 3 սենյականոց բնակարան էինք գտել։ Մի կերպ հաջողվեց կապվել տիրոջ հետ, որը ասաց, որ հոկտեմբերի ի 6-ին բնակարանը կազատվի, և եթե մարդ չզբաղեցնի, մենք կարող ենք մնալ այդ տանը։
Հարցրեցինք, թե ո՞նց կարող ենք նախօրոք այդ տունը ամրագրել, ասաց, որ պետք է կանխավճար մուծենք։
Պայմանավորվել ենք հանդիպել և հաջորդ օրը երեկոյան 10-ին միայն կարողացանք կապ հաստատել և հանդիպել հետը, բայց լրիվ ուրիշ հասցեով։ Հանդիպեցինք, զրուցեցինք, հաճելի տղամարդ էր։ 80.000 մուծելուց հետո պայմանավորվեցինք, որ ամսի 6-ին ժամը 2-ին կարող ենք զբաղեցնել տունը։
Այդ հանդիպումից հետո տղամարդը “կորավ”:
“Երևանի մեր ծանոթը գտավ բնակարան, և տանտերը 135000 դրամ կանխավճար պահանջեց, տունը մեզ պահելու համար։ Հենց հասանք Գորիս, գումարը փոխանցեցինք։ Որոշ ժամանակ անց տանտերը զանգեց մեզ և պահանջեց 4 ամսվա վճարը` վստահ լինելու համար, որ երկար ենք մնալու այդ տանը։ Չհամաձայնվեցինք և որոշեցինք հանդիպել նրա հետ, երբ որ հասնենք Երևան։ Երևան հասնելու պես կապի դուրս եկանք, ասաց, որ տուն բարեկամներ են եկել, տրամադրել չի կարող, ասաց, որ հաշվեհամար թողենք, որպեսզի մեր փոխանցած գումարը հետ փոխանցի։
Գումարը հետ չփոխանցեց, իր հետ էլ կապի դուրս գալ չկարողացանք”։
Այս բոլոր դեպքերում էլ ոստիկանությունը օգնել չկարողացավ։ Կամ գործ ունենք լավ կազմակերպված հանցավոր խմբերի հետ։
Պետք է լինել զգույշ և մինչև բնակարանը և տանտիրոջը տեսնելը գումար չփոխանցել։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: