2 ամիս եւս 50 հազարական դրամ կլինի, սակայն աշխատավարձեր չեն վճարվի

  • 18:50 23.10.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պետական աշխատավարձերի վճարման վերաբերյալ լրատվամիջոցներում շրջանառվող թեմային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը աշխատավարձեր վճարելու կամ դրանց գծով փոխհատուցումների որևէ իրավական իրավասություն չունի։

«Գնահատելով այն հանգամանքը, որ բոլոր մարդիկ պետք է ունենան բավարար միջոցներ այստեղ կեցության հետ կապված ամենաառաջնահերթ ծախսերը կատարելու հարցում, մենք սկզբունքորեն որոշել ենք, որ աջակցության բոլոր ծրագրերը պետք է լինեն թիրախային և ունենան հենց դրամական աջակցության եղանակ։ Այսինքն` այն, ինչ մենք հայտարարել ենք նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար, այդ որոշումը կայացվել է նրա համար, որ բազմաթիվ մարդիկ աշխատանք գտնելու ճանապարհին են և բնականաբար ունենալով որոշակի միջոցների պակաս կամ սղություն կօգտվեն կառավարության աջակցության ծրագրից և իրենց հիմնական խնդիրները կլուծեն»,- համոզմունք է հայտնել Խաչատրյանը՝ հավելելով, որ  աջակցության չափը որոշելիս,  նկատի են առնվել  այն միջին աշխատավարձերը, որոնք  մարդիկ կարող էին ստացած լինել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ արցախցիներին նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար վճարվելու է 50 հազար դրամ, ի լրումն վարձի և կոմունալ վճարումների 40+10 հազար դրամի։

f