Ովքեր չեն կարող լինել նոր ծրագրի շահառու․ եթե քարտիդ վրա փող կա

Այսօրվա դրությամբ առաջին աջակցության ծրագրի շրջանակում 95200 բռնի տեղահանվածներ ստացել են իրենց աջակցությունը, որից 24 հազարը երեխաներ են, 71200-ը՝ մեծահասակներ: Տվյալների մշակումը շարունակվում է, և աշխատանքների վերջնականացման արդյունքում վճարումները կկատարվեն:

Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից բացի՝ մինչև տարեվերջ Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն:
«Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50-հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով»,- ասաց փոխվարչապետը, ապա մանրամասնեց, որ այս դեպքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության տրամադրման ձևաչափում:
«Շահառու կհանդիսանան նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի, բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ, հետևաբար նաև այն աջակցությունը, որը կատարվում է ամենաառաջնահերթ, հատկապես սննդի ծախսերի փոխհատուցման նպատակով, տրամաբանորեն այդ մարդկանց աջակցելու տեսանկյունից չի ունենա այնքան օգտակարություն, որը վերաբերում է մյուսներին»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված կա մեկ առանձնահատկություն ևս. «Այդ հարցը նկատել եմ, հրապարակումը տեղի ունենալուց հետո որոշակի շրջանառություն է ստացել, թե ինչպես է, որ մենք բանկային գաղտնիքի պայմաններում պետք է համադրենք այդ հայրենակիցների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները: Ուզում եմ նախևառաջ պարզաբանել, որ այդտեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմանում է լինելու ամեն ինչ: Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու:
Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ, և երբ որ Կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն և համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն:
Այնուամենայնիվ, ոչ թե մենք տվյալների հասանելիությունը կտրամադրենք այն կառույցներին, որոնք որ պետք է նույնականացնեն [տվյալները] վճարումները կատարելուց առաջ, այլ ԿԲ-ն իր իրավասության սահմաններում նախապես ստացված բոլոր դիմումների ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են լինելու տվյալ միջոցառման շրջանակում»: