Հոկտեմբերի վերջին Բրյուսելում պլանավորված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա․ Տոյվո Կլաար

  • 12:43 25.10.2023

Հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Փաշինյանի և Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ:

«Մեր նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տուն: Կարևորելով Գրանադայի հանդիպումը, որին չէր մասնակցել Իլհամ Ալիևը, մենք փորձում ենք հիմա Բրյուսելում կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում», ասել է Կլաարը` հնարավոր նոր ժամկետներ չնշելով:

«Չնայած դանդաղ ընթացքին՝ հավատում ենք, որ արդյունքը փաստաթղթի ստորագրումը կլինի», ասել է եվրոպացի դիվանագետը:

Մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ամսվա սկզբին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ալիեւը հրաժարվել էր մասնակցել:

f