ՀՀ քննչական կոմիտեն դիմում է Արցախից բռնի տեղահանված անձանց․ հայտարարություն

  • 15:46 25.10.2023

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ազգային, էթնիկ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելու, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելու կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելուն ուղղված միջոցներ իրականացնելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունների, խոշտանգումների, առևանգումների, զինծառայողների գերեվարումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորումների բոլոր դեպքերը։ Քննության առարկա են դարձվել նաև գտնվելու վայրն անհայտ քաղաքացիական անձանց և զինծառայողների դեպքերը։

Նկարագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) տիրապետող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հեռախոսահամարներով.

055-04-45-02
095-26-33-28
010-200-165

ՀՀ քննչական կոմիտեն երաշխավորում է ստացված տեղեկատվության գաղտնիության պահպանումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- ասված է հաղորդագրությունում։

f