ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կացության և կոմունալ ծախսերի գումարը կտրամադրվի նոր պայմաններով

  • 00:01 01.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 100 հազար քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամ աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 100 հազար քաղաքացի: Մեկ շաբաթում «40+10 հազար դրամ սոցիալական աջակցություն» ծրագրից օգտվել է 73 հազար 196 քաղաքացի, որից 69 199-ը ստացել են 50 հազար դրամները, իսկ 3997 քաղաքացի էլ ստացել է միայն 10 հազար դրամի օգնություն»,- տեղեկացրեց նա:

Նա նաև նշեց, որ սոցիալական աջակցություն ստացող շահառուների շրջանակն ընդլայնվել է:

«Այսուհետև 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով ՀՀ մուտք գործած այն քաղաքացիները, որոնք այստեղ են եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ»,- մանրամասնեց Մանուչարյանը` նշելով, որ նրանք օգտվում էին միայն «40+10 հազար դրամ սոցիալական աջակցության» ծրագրից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ընդգծեց, որ,  նոյեմբերից սկսած,  ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությունը տրամադրվելու է նոր պայմաններով: Նոյեմբերից «40+10 հազար դրամ սոցիալական աջակցություն» ծրագրի շահառու չեն հանդիսանա բոլոր այն տեղահանվածները, որոնց կացությունն ապահովվում է պետական միջոցներով՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ պետական համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում։ Հյուրանոցներում մնացող մարդկանց համար այլևս աջակցությունը չի գործի:

«Իսկ նրանք, ովքեր կշարունակեն օգտվել ծրագրից, նոյեմբերից պետք է մեկանգամյա առցանց դիմում լրացնեն` ներկայացնելով անձնական տվյալները, նույն հասցեում բնակվողների անձնական տվյալները, բնակության հասցեն, էլեկտրոնային փոստը, բջջային հեռախոսահամարը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի աբոնեմենտի համարը։

Անչափահասների առկայության դեպքում անհրաժեշտ կլինի նաև երեխայի ծննդյան վկայականի կամ խնամակալության (հոգաբարձության) մասին հավաստող փաստաթղթի լուսապատճեններ կցել։ Եթե դիմումը մերժվի, ապա հարկ կլինի հաջորդ անգամվա համար նորը լրացնել»,- եզրափակեց փոխնախարարը:

f