44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութից, Շուշիից եւ Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիների թոշակներն ու նպաստները վերջին ամիսներին չեն վճարվել։ Երկուշաբթի օրը արցախիցները պատրաստվում են բողոքի ակցիա անել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով վճարել իրենց թոշակները։ Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արցախցիների մի մասը երկու ամիս է՝ թոշակ չեն ստացել, ոմանց էլ երեք ամիս չի վճարվել։ Հայաստանում նոյեմբեր ամսվա թոշակներն այս օրերին վճարում են, բայց արցախցիների անունները դարձյալ ցուցակներում չկան։
«Մեկը ես երեք ամիս է՝ սեպտեմբերից սկսած թոշակ չեմ ստացել, նախկին զինվորական եմ։ Եվ ոչ ոք մեզ հստակ պատասխան չի տալիս։ Մեզ ոչ թոշակ են տալիս, ոչ էլ աջակցության գումարները։ Պահանջում ենք, որ մեր թոշակները վճարեն, պատճառը ո՞րն է, որ չեն տալիս»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ ակցիա անցկացնելու առաջարկն արել են Արցախի պահեստազորի սպաները։ Արթուր Ստեփանյանը կոչ է անում բոլոր արցախցիներին միանալ այս պահանջին եւ ՀՀ կառավարությունից պահանջել իրենց թոշակները։ Նա նշեց, որ այս տարվա սեպտեմբերի 19-ի հարձակման հետեւանքով բռնի տեղահանված արցախցիները նույնպես ունենալու են այս խնդիրը, քանի որ արդեն հայտարարվել է, որ նրանք Հայաստանում թոշակ չեն ստանալու, միայն աջակցության գումար է տրվում բռնի տեղահանվածներին։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը: Կառավարության անդամները հայտարարել են, որ եթե բռնի տեղահանված արցախցիներն ուզում են Հայաստանում թոշակ ստանալ, ըստ այս որոշման, կարող են դիմել եւ հեշտացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Արցախցիների մի մասը, սակայն, չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել՝ հիմնավորելով, որ դրանով Արցախ իրենց վերադարձի հարցը կփակվի։
«Մեր թոշակը չտալով՝ Հայաստանի իշխանությունները մեզ շանտաժի են ենթարկում, ստիպում են, որպեսզի մենք Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերենք։ Այսինքն՝ եթե մեր անձնագրում գրված է քաղաք Հադրութ, ուզում են, որ գնանք ՀՀ-ում ինչ-որ մի բնակարանի վրա գրանցվենք, որպեսզի մեր թոշակը տան։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում եւ հրաժարվենք սրանից։ Չպետք է թույլ տանք, որ մեզ ստիպեն, մեր այս հին հաշվառման հասցեն կորցնելով՝ կորցնելու ենք ամեն ինչ։ Մենք այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, բայց եթե մեր հասցեն փոխենք, դրանով ամեն ինչ կորցնում ենք։ Իրենք էլ դրանով Արցախի թեման փակում են, իրենց նպատակը դա է։ Իրենք իրավունք չունեն մեզ շանտաժի ենթարկել ու մեր հասանելիք թոշակից զրկել»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: