Արցախի «Սթար» անգլերենի կենտրոնը վերաբացվեց Երևանում

  • 16:29 05.11.2023

Մեսրոպ Մաշտոց համալսարանի երիտասարդ դասախոս Լիլիա Ծատրյանին Արցախում շատերը գիտեն։ Դեռ դպրոցական տարիներից Լիլիան բացահայտեց, որ իրեն դուր է գալիս անգլերեն դասավանդելը, ու սկսեց փոքր խմբեր պահել, ինչն էլ դարձավ կարիերայի հիմնաքարը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո իր առջև հստակ նպատակ դրեց ու հասավ։ 2018 թ. բացեց իր առաջին անգլերենի կենտրոնը։

«Սթար» կենտրոնում շնորհիվ կենսախինդ Միսս Լիլիայի մշտապես դրական մթնոլորտ էր տիրում։ Ճաշակով զարդարված սենյակում թարմ ծաղիկների պակաս չկար՝ աշակերտներն այդպես էին պատվում ուսուցչուհուն։ Կենտրոնում անցկացվում էին անգլերենի և ռուսերենի դասընթացներ մեծահասակների և դպրոցականների համար։ Կարևոր նախադրյալներից էին ճկուն գրաֆիկն ու բարձր արդյունավետությունը, ինչի մասին վկայում էր աշակերտների քանակի աճը։ Միսս Լիլիայի դասընթացներին երբեմն համատեղելի էր ժամանցը որևէ սրճարանում կամ բնության գրկում։ Խոսակցական անգլերենի համար ամեն կիրակի անցկացվում էր մեկ անվճար դաս։ «Ինչու՞ սովորել անգլերեն։ Այն ավելի քան 380 միլիոն մարդու մայրենի լեզուն է։ Աշխարհի բոլոր երկրներում գոնե անգլերենի տարրական գիտելիք է պետք աշխատանքի ընդունվելու, համակարգչային գիտելիքներին տիրապետելու և այլնի համար», – ասում է Լիլիան։

2021թ. բացվեց 2-րդ կենտրոնը, որը ևս բարձր արդյունքներ գրանցեց։ Չնայած Արցախում աճող լարվածությանը և օրեցօր ավելացող դժվարություններին, Լիլիան որոշեց 2023թ. բացել 3-րդ կենտրոնը, որը գործեց ընդամենը մի քանի ամիս։ «Մենք մինչև վերջ հավատում էինք, որ Արցախը կմնա հայկական։ Հենց այդ պատճառով էլ ես ուզում էի այնտեղ գործել ու կրթել սերունդներին։ Հանգամանքների բերումով հասցրել եմ վերցնել միայն կենտրոնի գրքերը», -պատմում է Լիլիան՝ խոստովանելով, որ բազմաթիվ նամակներ ու զանգեր է ստանում աշակերտներից վերաբացվելու խնդրանքով։

Սկզբնական շրջանում թևաթափ վիճակում էր, ինչպես բոլոր արցախցիները։ Այնուհետև վերականգնեց իր պայքարող ու արարող տեսակը և օրերս Երևանում բացեց առաջին «Սթար» կենտրոնը։ Ասել է թէ՝ վերջինը չէ…Նոր կենտրոնում կիրառելու է տարբերվող ծրագրեր առցանց և պրակտիկ վիդեո դասերի միջոցով։ Անցկացնելու է վիկտորինաներ, խաղեր և պրոգրես թեստեր։ Սովորել ցանկություն հայտնածների թիվը հուսադրող է։

Տաթև Ազիզյան

 

f