Նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակներն արցախցիները կստանան դեկտեմբերի սկզբին

  • 18:29 06.11.2023

Նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք ավելի արագ ընթացակարգ կապահովեն բռնի տեղահանված արցախցիների թոշակների վճարման համար։ Այս մասին Ազգային ժողովում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Սա հիմա ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է։ Այսօր էլ նախարարության մոտ մեր հայրենակիցներն էին հավաքվել՝ այդ պարզաբանումը ստանալու համար։ Հոկտեմբերի 26-ին մենք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ սահմանեցինք, որից հետո, ըստ տրամաբանության, մեր հայրենակիցները կարող էին դիմել եւ ստանալ համապատասխան կենսաթոշակը։ Բայց դա, օրինակ, կարող էր տեւել շաբաթներ։ Որպեսզի մենք այդ բյուրոկրատական պրոցեսի մեջ չներքաշենք մեր հայրենակիցներին, ասել ենք, որ հիմա նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որն ավելի արագ ընթացակարգ կապահովի մեր հայրենակիցների համար։ Եվ այդ պահից սկսած, օրինակ, դեկտեմբերին կստանան եւ նոյեմբերի, եւ դեկտեմբերի կենսաթոշակները»,- հայտարարեց նախարարը։

Նա հավելեց․ «Հասկանում ենք, որ շտապողականություն կա մեր հայրենակիցների շրջանում, բայց պետք է հստակ ասենք, որ աշխատանքները տարվում են։ Մենք փորձում ենք օրենսդրական փոփոխություններ անել, որպեսզի կարողանանք մեր հայրենակիցներին արագ ու արդյունավետ սպասարկել»։ Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ առաջիկայում շատ արագ կներկայացնեն այդ օրենսդրական փոփոխությունը։ Ըստ այդմ՝ նրանք, ովքեր արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի իրավունք, կշարունակեն ստանալ իրենց կենսաթոշակը։ Իսկ նրանք, ովքեր նոր են անցնում կենսաթոշակի տարիքի, կդիմեն, կհաշվառվեն եւ կստանան իրենց կենսաթոշակներն ու սոցիալական երաշխիքները։

f