Ռուստամյան․ պետք է պահպանել Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը

  • 16:37 14.11.2023

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է պահպանել Արցախի ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը։ «Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած՝ երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է։ Եվ որպես այդ ամենի հատուցում՝ Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ»,- ասել է Ռուստամյանը։ Այս մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։

Ռուստամյանը նշել է, որ նման նախադեպ կա, Կիպրոսում կա այդպիսի օրինակ, մեկ ամբողջ քաղաք մինչեւ հիմա դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այդտեղից եղել է էթնիկ զտմում։ «Այսինքն՝ միջազգային պրակտիկա կա, իրավական առումով մենք դրա հիմքերն ունենք, պարզապես պետք է, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի։ Սա է, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում անել։ Իրենք իրենց համար վտանգ են տեսնում, որ արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն։ Արցախի ժողովուրդը պետք է պահպանի իր՝ գործոն լինելու հանգամանքը։ Բայց այդ գործոն լինելը նաեւ վտանգ է սպառնում այսօրվա իշխանություններին, ես իշխանությունների հայտարարություններից ելնելով եմ դա ասում»,- հավելել է նա։

Հարցին, թե ի՞նչ է անում Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից Արցախի հարցրեը բարձրացնելու ուղղությամբ, Ռուստամյանը պատասխանել է, որ իր իրավունքների ու վերադարձի մասին խոսելու առաջնահերթ իրավունք ունի հենց Արցախի ժողովուրդը եւ առաջնային մանդատով օժտված Արցախի խորհրդարանը եւ Արցախի նախագահը։ «Այսինքն՝ այս երկու սուբյեկտը պետք է պահպանեն այդ իրավունքը՝ խոսելու այն իրավունքների մասին, որոնք Արցախի ժողովուրդը կհամարի բավարար եւ անհրաժեշտ, որպեսզի կարողանա վերադառնալ։ Արցախի մեր գործընկերների հետ այս թեմաներով հանդիպումներ, շփումներ ունենք, բայց իրենք այս խնդիրը պետք է դնեն իրենց օրակարգում։ Կարծում եմ՝ Արցախի խորհրդարանը պետք է նիստ գումարի եւ սկսի իր գործունեությունը ծավալել հենց այս ուղղությամբ։ Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի ժողովրդին զրկելու այդ հնարավորությունից, որ ինքը որպես սուբկետ պահպանի իր իրավունքներն ու լիազորությունները»։

Ըստ Ռուստամյանի՝ այս ուղղությամբ պետք է առաջին ձայնը լսվի Արցախի պատգամավորներից, ՀՀ ընդդիմադիր պատգամավորները այս գաղափարի շուրջ կարող են համագործակցել նրանց հետ։ Օրինակ՝ կարող են պահանջել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր գումարել ՀՀ Ազգային ժողովում։ Հարցին, թե այսինքն՝ պետք է Արցախի Ազգային ժողո՞վը նախաձեռնի, ՀՀ ԱԺ ընդիմությունը ոչինչ չի՞ նախաձեռնելու, Ռուստամյանը պատասխանեց․ «Եկեք այդ դետալների մեջ չմտնենք։ Առաջինն ով կնախաձեռնի, ով կհանդիպի, շատ մանր դետալներն են դրանք»։

 

f