«Нaterk Food»-ը Հայաստանում է

  • 18:58 15.11.2023

Օրերս Երևանում տեղի ունեցավ «Արցախի ձեռքերով» ցուցահանդես-տոնավաճառը։ Մեծ ուշադրություն է գրավել «Haterk Food» ապրանքանիշի տաղավարը։ Նախագիծը սկսել է աշխատել մի քանի տարի առաջ և հայտնի է դարձել հայաստանյան և միջազգային շուկայում՝ ներկայացնելով 100% բնական մեղր Արցախից։ Ստացել է տեղական և միջազգային բարձր մրցանակներ և վարկանիշներ:

Մարտակերտի շրջանի հայրենի Աթերք գյուղում «Հաթերք Ֆուդ»-ը սկսել է գյուղի զարգացման ծրագիր, և հաջողությամբ. տարբեր միջոցառումների միջոցով ուշադրություն է հրավիրել գյուղի խնդիրների, զբոսաշրջության զարգացման նախադրյալների վրա, և աշխատանքի տեղավորման հարցը սկսեց լուծվել։

«Հաթերք Ֆուդ»-ի հիմնադիր Սամվել Միրզախանյանի խոսքով, ընկերության հայեցակարգը փոխվել է Արցախի պատերազմներից և օկուպացիայից հետո, սակայն ընկերությունը շարունակում է գործել Հայաստանում։

Նրա խոսքով, ընկերությունն ավելացնում է արտադրության ծավալները՝ ներգրավելով Հայաստանի մի քանի մարզերի ներուժը։

«Դեռևս 2020 թվականին, երբ Քաշաթաղում գործունեությունը շարունակելն անհնարին դարձավ, մենք մեր գործունեությունը սկսեցինք Տավուշից, հիմա Լոռին և Կոտայքը միացել են Տավուշին։ Մենք ցանկանում ենք այս ամենին ներգրավել նաեւ Արցախի մեղվաբույծներին, ձգտում ենք օգնել նրանց, որպեսզի նրանք շարունակեն զբաղվել մեղվաբուծությամբ։ Ակտիվորեն մասնակցում ենք նաև տարբեր ցուցահանդեսների, որպեսզի կարողանանք մեր հայկական արտադրանքը ներկայացնել արտաքին շուկաներում։ Մենք ունեինք Հաթերքի զարգացման ծրագիր՝ երիտասարդների ներգրավմամբ։ Հուսով ենք, որ նմանատիպ ծրագիրը կշարունակենք Հայաստանում՝ մեր հայրենակիցների համար։ Ներկայումս մենք գնահատում ենք ռեսուրսներն ու կարիքները, ինչի համար հարցում ենք տեղադրել մեր պաշտոնական էջում (haterk.com): Սրան համապատասխան մենք արդեն մշակելու ենք զարգացման եւ զբաղվածության ծրագրեր»։

Երիտասարդն ասաց, որ Հաթերքի արտադրամասը կորել է, բայց նյութական կորուստների մասին իրենք չեն մտածում. «Մենք կորցրել ենք ավելի կարևոր արժեքներ՝ մեր մշակութային ժառանգությունը, մեր նախնիների հիշատակն ու գերեզմանները։ Սա այն է, ինչ պետք է մտահոգի բոլորին, մենք պետք է հնարավորություններ փնտրենք դրանք պահպանելու և վերադարձնելու համար»։

«Հաթերք Ֆուդ»-ի արտադրանքի մեծ մասն այս տարի ստացվել է Հայաստանի բուսական աշխարհից։ Սրա պատճառը շրջափակումն էր։ Բայց դեռ կարելի է ձեռք բերել 100 տոկոս արցախյան մեղր։

Ալվարդ Գրիգորյան

f