Արցախցիներն իրենք պետք է որոշեն, թե ինչ երաշխիքներով կարող են վերադառնալ

  • 13:13 17.11.2023

Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ չեն ֆինանսավորելու Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա ՀՀ գործող իշխանության ազգակործան քաղաքականության շարունակությունն է։

«Արցախից բռնի տեղահանվել է 150 հազար եւ ավելի մարդ։ Փաստացի Արցախն ամբողջությամբ հայաթափված է, եւ այս թվերը չափազանց կարեւոր են, որ նաեւ միջազգային հանրությանը ճիշտ պատկեր փոխանցվի։ Ակնհայտ եւ միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող եւ նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինը՝ նախ Ազգային ժողովը, նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, Արցախի Հանրապետության բազմաթիվ այլ պետական հաստատություններ պետք է գործեն։ Իսկ թե ինչ կարգավիճակով արցախցիները կվերադառնան Արցախ, դա առաջին հերթին Արցախի ժողովրդի սուբյեկտայնության ճանաչման հենքի վրա Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու, որովհետեւ ինքը պետք է ասի, թե որոնք են անվտանգության տեսակետից անհրաժեշտ պայմանները՝ կարգավիճակից սկսած, մինչեւ կոնկրետ միջազգային երաշխիքներ։ Եվ կարեւոր են այն բավարար ծավալի իրավունքները, որոնք անհրաժեշտ կլինեն Արցախի մեր ժողովրդին՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար»,- ասաց պատգամավորը։

f