Forrights. «Քրոջս տղան գնացել էր տուն, թուրքը դռանը կանգնած էր եղել, ներս չէր թողել»

  • 16:18 28.11.2023

Forrights

Սոնյա Մարտիրոսյանը 24 տարի Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց է թխել։ «Անմահական համ ունի, Արցախի խորհրդանիշերից մեկն է»,- լուսավոր օրերը հիշելով պատմում է տիկին Սոնյան։ Իր տեղը Ստեփանակերտի շուկայի սկզբնամասում էր՝ մուտքի անմիջապես ձախ կողմը։ Օրեր են եղել, որ մինչև 100 և ավելի հատ է թխել․ հատկապես շրջափակման ժամանակ պահանջարկը մեծ էր, մարդիկ հիմնականում ժենգյալով հացով էին սնվում։

Հիմա նա հեռու է իր տնից, չի զբաղվում սիրած աշխատանքով։ Ընտանիքով բնակություն են հաստատել Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Այստեղ ժենգյալով հացը պահանջարկ չունի, տիկին Սոնյան, սակայն, չի կոտրվում, որոշել է տեղացիներին սովորեցնել արցախյան անվանդական ուտեստի համն ու հոտը։

«Գնացի դպրոցի տնօրենի մոտ, ասացի, որ ուզում եմ ժենգյալով հաց թխեմ, օգնեք։ Մի հատ, որ թխեմ, ուտեն հետո էլի զակազ կտան։ Այս քանի օրն ուզում եմ մի քանի հատ թխեմ, տեսնեմ կուզե՞ն, թե՝ չէ, որ օրը տասը հատ էլ ծախեմ, էլի եկամուտ է, կապրենք»,-ասում է արցախցի կինը։

Արցախից իր հետ բերել է ժենգյալով հացի համար նախատեսված որոշ կանաչիներ, մի քանի տեսակ էլ ցանել են Լանջազատում վարձակալած տան բակում։ Այժմ որոշ պարագաներ են բացակայում, սպասում է կառավարության աջակցությանը, որ գնի ու անցնի գործի։

«Հիմա սպասում եմ փողերը տան, որ գործի համար տազ առնեմ, դանակ առնեմ, կանաչ-մանաչ առնեմ, որ աշխատեմ, ձեռքս փող չկա, որ առնեմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է տիկին ու Սոնյան ու հասնում էլ ավելի ցավոտ թեմաների։ Այստեղ ո՜չ ինքը, ո՜չ տղաները, ո՜չ էլ ամուսինն աշխատանք չունեն։ Ապրուստի միակ միջոցը կառավարության տված սոցալական աջակցությունն է։

«Աջակցությունները չեն բավարարում, ստանում ենք ու տան վարձ ենք տալիս, ժամանակին չեն տալիս։ Նոյեմբերը վերջանում է՝ փող չկա, ասում են մեկ էլ դեկտեմբերին կտան»,-ասում է նա։

Այս իրավիճակը հաղթահարելու սպասելիքները մեծ են, քանի որ շուրջ մեկամյա շրջափակում են արցախցիները հաղթահարել։ «Հասանք Տեղ գյուղ խաչակնքվեցի, ասացի՝ փառք Աստծո, որ անվնաս հասանք Հայաստան»,-ասում է  տիկին Սոնյան ու հիշում, թե սեպտեմբերի 19-ից ինչ դաժանությունների է ականատես եղել։

«Գյուղերից գալիս էին մեր հայաթը, լացում էին, ասում էին՝ թուրքերը կրակել են, սպանել են, մենք ասեցինք բենզին ճարենք, դուրս գանք, եթե դուրս չգայինք հասնելու էին Ստեփանակերտ, մեզ կոտորեին»,-ասում է նա ու հիշում, թե ինչպես է քրոջ որդին հասել տուն ու տեսել, որ թշնամին արդեն տան դռան առջև կանգնած է։

«Թշնամին հասել էր Աջափնյակ, քրոջս տղան գնացել էր, որ կնոջ հետ շորերը վերցներ, տեսել էին, որ թուրքը դռան դիմաց կանգնած է։ Էրեխեքը վախեցել են, չեն թողել իրենց տուն մտնեն, ասել են՝ դուրս եկեք, զանգեցին մեզ էլ ասացին՝ շուտ արեք, դուրս եկեք, թուրքերը հասնում են։ Հիմա երեխաները վախից գիշերները չեն կարողանում քնել, վախեցել են»։

Տիկին Սոնյան ասում է, որ իր ամբողջ ունեցվածքը՝ այդ թվում ոսկյա զարդերն ու գումարն է թողել տանը։ «9 ամիս սոված-ծարավ ապրեցինք, հիմա էլ էս օրին հասանք։ Ստեղ էլ աշխատանք չկա, առանց աշխատանք ենք մնացել»,-ասում է նա ու նշում, որ տան վարձը բարձր է՝ 200 000 դրամ՝ գյուղի տան համար։ Ապրում են 15 հոգով։ Լանջազատցիներից գոհ են ու շնորհակալ, ասում է՝ սիրով են ընդունել ու հարևանություն են անում, օգնում են ինչով կարողանում են։

Նարեկ Կիրակոսյան

f