Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ

  • 20:17 28.11.2023

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, համախմբելով եղած ռեսուրսները, ծավալուն աշխատանք է տանում Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված հայերի իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանք վերականգնելու ուղղությամբ։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ հայ փախստականների խնդիրները բազմաշերտ են և այժմ փորձ է արվում մեկտեղել բոլոր հնարավոր ռեսուրսներ տարբեր ուղղություններով հետևողական աշխատանք տանելու համար։

«Ներկայում մեր հասարակական կազմակերպությունը մեծածավալ աշխատանք է տանում, որպեսզի կորցված ունեցվածքի գույքագրումը, եղած բազայի վրա, դարձնենք շատ ավելի ստույգ, առավել ճշգրիտ։ Այստեղ խնդիր ունենք, ինչպես գիտեք, մեր ոչ բոլոր հայրենակիցներն ունեն ամբողջական փաստաթղթավորում, հետևաբար բավական դժվարություններ կան։ Ահա եղած բազան վերլուծելով, նոր տվյալներ հավաքագրելով, ամեն ինչ անելու ենք, որ դրանք լինեն առավել ստույգ։ Խոսքը 100 միլիարդավոր ռուբլու մասին է»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը շուտով գործարկելու է նոր կայք, որի միջոցով աշխարհի ցանկացած կետում գտնվող այն հայերը, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանից, կարող են մուտք գործել այդ հարթակ, թողնել իրենց տվյալները՝ կապված գույքային կորստի հետ։ Ադրբեջանից բռնությամբ հեռացածների մեծամասնության մասնավոր սեփականության և գույքային իրավունքը արմատապես խախտվել է համատարած թալանի ու բռնությունների հետևանքով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր օրակարգում ներառել է միջազգային կառույցների հետ աշխատանքը։ Վիլեն Գաբրիելյանի խոսքով, այն ինչ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, երբ Ադրբեջանի գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեցին 100 հազարից ավելի հայեր, հետևանք է 1988-1992 թվականների նույն գործընթացի։

«Միջազգային կառույցները պատշաճ քաղաքական գնահատական չեն տվել այն ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին, ինչն էլ բերեց այսօրվա բռնի գաղթին։ Եթե միջազգային հանրությունը ժամանակին պատշաճ գնահատական տար, ապա չէինք հասնի այն իրավիճակին, որ ունեցանք սեպտեմբերի 19-ին»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Իրավական գործընթացի համար «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը նաև փորձում է մեկտեղել Սփյուռքի ներուժը։

 

f