Լարիսա Ալավերդյան․ Այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, ինչպես 1989 թվականին էր

  • 17:08 01.12.2023

«Միասին» հասարակական-քաղաքական շարժումն այսօր Ազգային ժողովի մոտ հավաք անցկացրեց՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով։ Այդ մասին հայտնում է step1.am-ի թղթակիցը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, ինչպես 1989 թվականին էր։ «Այսօր մենք ունենք ամեն ինչից անտեղյակ, միջազգային իրավունքը ոտնահարող իշխանություններ։ Արդյո՞ք մենք պետք է ղեկավարվենք այդ անտեղյակ խմբի տեսակետներով։ Ասում են՝ խաղաղություն պետք է լինի։ Բայց խաղաղությունը չի կարող հիմնված լինել ոչ ճշմարիտ գաղափարների վրա, միայն ճշմարտությունն է իրական խաղաղության հիմքը։ Այն անձինք, ովքեր ասում են, որ՝ մեզ համար փակված է Արցախի հարցը, իրենք ճիշտ են ասում, իրենց համար փակված է, բայց նրանք ուղղակի խեղաթյուրում են մի շատ կարեւոր բան՝ իրենք իրենց նույնացնում են թե՛ պետության, թե՛ ժողովրդի հետ։ Ո՛չ ժողովրդի մեջ, ո՛չ պետության մակարդակով մենք չունենք որեւէ որոշում, որտեղ ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Այս հայտարարությունները կրում են զուտ անձնական բնույթ։ Ո՛չ Ազգային ժողովի մակարդակով, ո՛չ կառավարության, ո՛չ էլ Սահմանադրական դատարանի մակարդակով չկա այդպիսի որոշում»,- նշեց Ալավերդյանը։

Նա հայտարարեց, որ ազգային ազատագրական պայքարն ավարտված չէ։ «Արցախը Ադրբեջանի մաս չէր, չէ եւ չպիտի լինի։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, պարզ ագրեսիայի հետեւանքով ուղղակի նվաճումներ են։ Եվ ահա այդ օկուպացված տարածքները, խոսքը ոչ միայն ԼՂԻՄ-ի մասին է, այլ նաեւ նրա շրջակա տարածքների մասին, որոնց մի մասը հասցրել ենք այն ժամանակ ազատագրել, դրանք միջազգային իրավունքի առումով չեն պատկանում Ադրբեջանին։ Եվ այս առումով մեր պայքարն առջեւում է»։

f