«Այո՛, ժամանակին տարբեր կարծիքներ կային՝ վերամիավորում կամ Արցախի անկախություն։ Ես ասել եմ, որ անկախության ճանապարհը գնում է ճանաչման միջոցով։ Եվ ուրեմն, եթե որեւէ մեկը այստեղ՝ Ազգային ժողովում կասկածում է, որ Հայաստանի Հանրապետությունը մտածում է՝ Արցախը գոյություն չունի, սխալվում է, Արցախը գոյություն ունի։ Հայաստանի հետ միավորված, թե առանձին՝ Կոսովոյի օրինակով, Արցախը գոյություն ունի եւ կլինի։ Դրանում չենք կասկածում, որովհետեւ իրավագիտական հիմքեր կան դրա վերաբերյալ։ Արցախը կա եւ պետք է մնա։ Մենք չպետք է կասկածենք դրա վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովի շենքի մոտ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշման կատարման պահանջով հավաքի ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
Հիշատակելով Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշումը՝ Գրիգորի Այվազյանն ասաց, որ Արցախն ու Հայաստանը մեկ միավոր են։ «Եթե որեւէ մեկը կասկածի տակ է դնում վիրավոր Արցախի Հանրապետության գոյությունը, դա իրենց խնդիրն է։ Մենք պետք է հասկանանք, որ գոյություն է ունեցել եւ գոյություն ունի Արցախի Հանրապետությունը։ Որպես պատմաբան՝ ես ուզում եմ ասել, որ վերամիավորման որոշումը, եթե ընդունվել էր, մենք պետք է շարժվեինք այդ ուղղությամբ։ Բայց եթե կա ուրիշ տարբերակ, դա էլ կարող ենք քննարկել։ Մենք պայքարում ենք մեր ազգի համար, որի սահմանն Արցախն է։ Պետք է հիշենք նաեւ, որ ցեղասպանություն է եղել ու կա։ Ցեղասպանությունը մինչեւ հիմա շարունակվում է Արցախի պատմական հուշարձանների նկատմամբ, դա անընդունելի է։ Ես կարծում եմ՝ մենք ընդունակ չենք դա մարսել»,- հավելեց Այվազյանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: